Սիրիայում հրադադարը երկար չի տևել. Պայթյուն է որոտացել, 2 զոհ կա

Սիրիայում հրադադարը երկար չի տևել. Պայթյուն է որոտացել, 2 զոհ կա

PanARMENIAN.Net - Սիրիայում հրադադարի մասին համաձայնության ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ անց պայթյուն է որոտացել սիրիական Համա գավառում` Սալամիա քաղաքից ոչ հեռու: Պայթյունին զոհ է գնացել 2 մարդ, 4-ը` վիրավորվել է, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Ահաբեկչության համար պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներից մեկը երկրի հյուսիս-արևմուտքում հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել կառավարական ուժերի կողմից: Առաջին ափամերձ դիվիզիայի 3 զինվոր է զոհվել` հետ մղելով նախագահ Ասադին հավատարիմ ուժերի գրոհը: Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանին, հայտնում է BBC-ին:

Սիրիայի կառավարական ուժերը դեռևս չեն մեկնաբանել փոխհրաձգության մասին հաղորդագրությունը:

Երկար սպասված հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի լույս 27-ի գիշերը` Դամասկոսի ժամանակով 12:00-ին:

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

Հրադադարն ուժի մեջ մտնելու նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ զգուշացրեց, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը կասեցնելու մասին խոսք լինել չի կարող: «Այն խմբավորումները, որոնք չեն հայտարարի հրադադարը պահապնելու պատրաստակամության մասին, բնականաբար, չեն լինի հրադադարի ազդեցության տակ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նույն դիրքորոշումը հաջորդ օրը հայտնեց նաև ՌԴ նախագահ Պուտինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---