Կոնգրեսական Շիֆ. Ադրբեջանի իշխանություններն առ այսօր փորձում են քողարկել Սումգայիթում տեղի ունեցածը

Կոնգրեսական Շիֆ. Ադրբեջանի իշխանություններն առ այսօր փորձում են քողարկել Սումգայիթում տեղի ունեցածը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Կոնգրեսին ուղղված բաց նամակով ոգեկոչել է ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 28-րդ տարելիցը, հայտնում է Tert.am-ը Asbarez-ի վրա հղումով:

Հայամետ դիրքորոշմամբ կոնգրեսականն ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է Սումգայիթի ջարդերի ընթացքում հայերի նկատմամբ իրականացված սարսափներին ու անմարդկային բռնություններին:

«Ադրբեջանական խառնամբոխը սպանեց հարյուրավոր հայերի, բռնաբարեց կանանց ու երիտասարդ աղջիկներին, անարգեց սպանվածների դիակներն ու այրեց դրանք: Այն երջանիկները, ովքեր կարողացան խուսափել սպանդից, թողեցին ամեն ինչ` հուսահատության մեջ փախչելով հեռու։

Այդ ջարդերը պատահականություն չէին, այլ ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ հակահայկական քարոզչության սոսկալի հետևանք: Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չպատժեցին սարսափելի դեպքերի պատասխանատուներին, այլև առ այսօր փորձում են քողարկել տեղի ունեցածը:

Սումգայիթի սպանդով ամեն ինչ չավարտվեց. 2 տարի անց տեղի ունեցան տխրահռչակ Բաքվի ջարդերը: Այս դեպքերի հետևանքով Ադրբեջանում բնակվող 450.000 հայերն անհետացան»,-նշել է Շիֆը:

Այնուհետև կոնգրեսականը նկատել է, որ հայերի հանդեպ ատելությունը չի վերացել ու դեռ մի բան էլ ավելացել է: Այս կոնտեքստում կոնգրեսականը վերհիշել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սոսկալի կացնահարության դեպքը, ինչից հետո Սաֆարովն իր հայրենիքում հերոս հռչակվեց:

«Այս տարի ապրիլին մենք կնշենք Հայոց ցեղասպանության` Թուրքիայի կառավարության կողմից առ այսօր հերքվող պատմական փաստի 101-րդ տարելիցը: Մենք պարտավոր ենք թույլ չտալ նման դեպքերի կրկնությունը. կապ չունի, թե դրանք երբ են տեղի ունեցել` 101, թե 28 տարի առաջ»,-եզրափակել է պաշտոնյան։

1988 թվականի փետրվարի 26- 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը: Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից: ԽՍՀՄ ղեկավարության լռելյայն համաձայնության պայմաններում եռօրյա ջարդերի արդյունքում տասնյակ մարդիկ վիրավորվեցին, սպանվեցին, ընդ որում՝ նրանց մեծ մասը դաժանորեն սպանվեց, իսկ դիակները այրվեցին:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---