23 հունվարի 2007 - 16:09 AMT
Երեւանում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված բազմահազար սգո հանրահավաք է անցել
Երեւանում` Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի պետական թատրոնին հարակից Ազատության հրապարակում, հունվարի 23-ին կայացել է բազմահազար սգո հանրահավաք` նվիրված հունվարի 19-ին սպանված Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին: Երեւանի քաղաքապետարանի եւ հանրապետության պետական եւ հասարակական կազմակերպությունների համատեղ հանրահավաքին մասնակցում էին Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուիչներ, ինչպես նաեւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմակատար, փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին, Սուրբ Աթոռ Մայր Էջմիածնի եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Աղոթքով բացված հանրահավաքին մասնակցում էին շուրջ 4-6 հազ. մարդ, ովքեր իրենց ձեռքերում պահում էին Հրանտ Դինքի լուսանկարը եւ պլակատներ` գրություններով. «Թուրքիա', եւ սա քո ճանապարհն է դեպի Եվրո՞պա»: Օպերայի թատրոնի աստիճաններին տեղադրված է Հրանտ Դինքի մեծ լուսանկարը, որին հանրահավաքի մասնակիցները ծաղիկներ եւ վառվող մոմեր են դրել: Դինքի եւս մեկ լուսանկար փակցված է Օպերայի թատրոնի պատին: Յուրաքանչյուր ցանկացող կարող է այսօրվա ընթացքում ծաղիկներ կամ մոմեր բերել նկարի մոտ:
Ինչպես լրագրողներին հայտարարել է հանրահավաքին մասնակցած ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին, ԱՄՆ-ն ցնցված են Ստամբուլում կատարվածով: Խորը ցավակցություններ հայտնելով մահացածի մերձավորներին, ինչպես նաեւ ողջ հայոց ժողովրդին` Էնթոնի Գոդֆրին, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ նույնսիկ իր ողբերգական մահով Հրանտ Դինքը իր ներդրումը կունենա հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման գործում, հանուն որի նա պայքարել է ողջ կյանքը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հրանտ Դինքի սպանությունը խթան չի հանդիսանա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար` Էնթոնի Գոդֆրին նշեց, որ այսօր այդ խնդիրը քննարկվում է ԱՄՆ Կոնգրեսում: «Սակայն կարեւորը այսօր սահմանների բացումն է եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկխոսության ձեւավորումը: Մենք շատ ցավում ենք կատարվածի համար»,- հայտարարել է փոխդեսպանը:
Հունվարի 24-ին ծրագրվում է սգո երթ կազմակերպել Շահումյանի անվան հրապարակից դեպի 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում կայացած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրը եւ ծաղիկներ դնել Հավերժ Կրակին` ի հիշատակ Հրանտ Դինքի, հաղորդում է Regnum-ը: