1 մարտի 2016 - 14:56 AMT
Հանրաքվեն լուսաբանող լրագրողի և օպերատորի լիազորությունները խոչընդոտելու գործով մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սիրուշ Հովհաննիսյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեի ընթացքը լուսաբանող՝ զանգվածային լրատվության միջոց հանդիսացող՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի նկատմամբ բռնություն գործադրելով, խոչընդոտել է վերջինիս և նույն լրատվամիջոցի օպերատոր Գարիկ Ազիբեկյանի լիազորությունների իրականացմանը:

Մասնավորապես՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Հովհաննիսյանը դուրս է եկել Երևան քաղաքի Կոմիտաս 56 հասցեում գործող, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեի «Այո» ընտրական քարոզչական շտաբից և մոտենալով «Ազատություն» ռադիոկայանի խմբագրության հանձնարարությամբ հանրաքվեի ընթացքը նշված տարածքում լուսաբանող հիշյալ ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանցից պահանջել է դադարեցնել նկարահանումները և հեռանալ շտաբի տարածքից, տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:

Ա. Մկրտչյանը և Գ. Ազիբեկյանը շարունակել են իրականացնել իրենց լիազորությունները, որի ընթացքում Հովհաննիսյանը զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու միասնական դիտավորությամբ, լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով՝ հրել է, քաշքշել հագուստից, թքել վրան ու այլ վիրավորանքներ հասցրել վերջինիս և Գ. Ազիբեկյանին, խանգարել նկարահանումների իրականացմանը: Այս կերպ` Հովհաննիսյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչների՝ Անուշ Մկրտչյանի և Գարիկ Ազիբեկյանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իրենց լիազորությունների իրականացմանը:

Հիշյալ հանցագործությունը կատարելու համար Սիրուշ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ընդհանուր առմամբ, փետրվարի 5-ի դրությամբ Սահմանադրական հանրաքվեի առնչությամբ հարուցվել է 67 քրեկան գործ, 28 քրեական գործով 32 անձ է ներգրավված՝ որպես մեղադրյալ, իսկ 18 քրեական գործ, 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Երկու քրեական գործով երկու անձի վերաբերյալ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ:

Մեղադրանք է առաջադրվել ընտրական հանձնաժողովի արդեն 5 անդամի:

Կարդացեք նաև՝ ԵՄ-ի կոչը՝ լուրջ վերաբերվել հանրաքվեի մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին