2 մարտի 2016 - 15:43 AMT
Մի շարք բարձրաստիճան ոստիկաններ ու մի ամբողջ անձնագրային բաժին հեռացվել են համակարգից

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժինն իր ամբողջ կազմով ազատվել է աշխատանքից: Պաշտոնանկ են արվել բաժնի ղեկավարն ու բոլոր ենթակաները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ պատճառը՝ ոստիկանական համակարգում իրականացվող բարեփոխումներն են:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով՝ աշխատանքից ազատվել են նաև Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիգոր Ամիրխանյանը, Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, հայտնել է ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Աշխատանքից ազատվել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը, գրում է «Ա1+»-ը:

Իսկ ի՞նչն է պատճառը հարցին, Մալխասյանն ասել է «Ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ են կատարվում»: