24 հունվարի 2007 - 14:04 AMT
Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն ղարաբաղյան կարգավորման գործընթացը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կդառնա Վլադիմիր Պուտինի Սոչիում գտնվող «Բոչարով ռուչեյ» նստավայրի երրորդ հյուրը նոր 2007 թվականին: «Այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել ընթացիկ երկկողմ համագործակցության եւ նրա զարգացման հեռանկարների առավել այժմէական հարցերը»,-հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Նա նշել է, որ «մթնոլորտը բանակցություններում շատ ավելի լավը կլինի, քան անցյալ տարի, երբ քննարկվում էին Հայաստանի համար ռուսական գազի գները»: Ինչպես խոստովանել է Պրիխոդկոն, ռուսական գազի գնի բարձրացումը որոշ չափով վատթարացրեց տնտեսական իրավիճակը Հայաստանում: «Ծանր իրավիճակն, որը ստեղծվեց Հայաստանում էներգակիրների գնի հավասարեցման անհրաժեշտության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, անցյալում է»,-ասել է նախագահի օգնականը:

Նրա խոսքերով, Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը կքննարկեն նաեւ ներդրումային համագործակցության հարցեր: Պրիխոդկոն նշել է, որ «համատեղ նախագծերի իրականացումը էրներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում պետք է հանգեցնի ապրանքաշրջանառության հետագա ավելացմանը, որն անցյալ տարի աճել է 200 մլն դոլարով` կազմելով 500 մլն դոլար:

Բանակցությունների միջազգային թեմաների թվում է համագործակցությունը ԱՊՀ-ում (ամռանը կայանալիք կազմակերպության երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովը), ՀԱՊԿ-ում: ՌԴ նախագահի օգնականը հաղորդեց նաեւ, որ Պուտինն ու Քոչարյանը կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը: «Մենք կողմ ենք, որ որոշումները մշակվեն երկկողմ հիմքի վրա, նախագահների մակարդակով, իսկ այնուհետեւ դրվեն «Մինսկի խմբի» քննարկմանը»,-ասել է Պրիխոդկոն:

Նախագահի օգնականը հաղորդել է նաեւ, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է պատմել Հայաստանի նախագահին ռուս-վրացական հարաբերությունների մասին: «Ռոբերտ Քոչարյանը հետաքրքրվում է Վրաստանի հետ մեր հարաբերություններով, քանի որ Վրաստանը Հայաստանի անմիջական հարեւանն է, եւ մենք հաճույքով կպատմենք այն մասին, թե ինչպես ենք տեսնում ռուս-վրացական հարաբերությունների զարգացումը»,-ասել է գործակալության զրուցակիցը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն: