5 մարտի 2016 - 10:50 AMT
Ռոբերտ Հարությունյանը նշանակվել է ԱԳ փոխնախարար

ՀՀ նախագահի հրամանագրով Ռոբերտ Հարությունյանը նշանակել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ նորանշանակ ԱԳ փոխնախարարը զբաղվելու է բացառապես արտաքին տնտեսական հարաբերությունների ոլորտով:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` որոշում եմ Ռոբերտ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասվում է նախագահի հրամանագրում:

Ռոբերտ Հարությունյանը ծնվել է 1975թ մայիսի 2-ին: 1998թ-ին ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան (բակալավրի աստիճան, ֆինանսներ եւ վարկ:

2007-2010թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում (տնտեսական գիտությունների թեկնածու, ապահովագրություն), Շվեյցարական բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոս է (MBA):

1998- 1999թ եղել է ՀՀ Կենտրոնական բանկի արժութային գործարքների բաժնի մասնագետ:

1999 - 2002թթ.` ՀՀ Կենտրոնական բանկի արժութային գործարքների բաժնի ղեկավար: 2002 - 2008թթ. զբաղեցրել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը:

2008 - 2014թթ. եղել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ գլխավոր տնօրեն:

2015թ հունվարի 12-ից` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (նախարար) անդամ է: