25 հունվարի 2007 - 13:54 AMT
Աբդուլլահ Գյուլը ճանաչել է Թուրքիայի ՔՕ 310-րդ հոդվածի վերանայման անհրաժեշտությունը
Արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը ճանաչել է Թուրքիայի ՔՕ «թուրքական ինքնությունը վիրավորելու» մասին 310-րդ հոդվածի վերանայման անհրաժեշտությունը: «Մենք գիտենք, որ որոշակի խնդիրներ կան կապված 301 հոդվածի հետ եւ գիտենք, որ այն անհրաժեշտ է վերանայել»,-հայտարարել է նա: «Մենք հանդես ենք գալիս կարծիք արտահայտելու ազատության օգտին, եթե այն չի դրդում բռնության: Մենք չենք ցանկանում, որ ինչ-որ մեկը բանտում հայտնվի իր կարծիքն արտահայտելու համար»,-հայտարարել է Գյուլը, հավելելով, որ կառավարությունը համագործակցում է հասարակական կազմակերպություների հետ այդ հոդվածի փոփոխման հարցում: 301-րդ հոդվածի խնդիրը, որի վերանայումը կամ փոփոխումն է պահանջում Եվրամիությունը, կրկին դարձել է սեւեռուն ուշադրության առարկա հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո, որին այդ հոդվածով դատապարտել էին վեց ամսվա պայմանական ազատազրկման:

Մինչդեռ Թուրքիայի կառավարությունը հետաձգում է այդ հարցի լուծումը, պնդելով,թե այդ հոդվածով մեղադրվողներից ոչ մեկը բանտ չի նստեցվել: Հրանտ Դինքն իր վերջին հոդվածում գրել էր, որ բանտարկությունը միակ պատիժը չէ, որից կարող է տառապել մարդը: Ընդ որում նա հավելել է, որ հայտնի է դարձել որպես թուրք ինքնությունը վիրավորող մարդ:

Թուրքիայի արդարադատության նախարար Չեմիլ Չիչեկը, որը 301 հոդվածի վերանայման ամենամոլի հակառակորդներից մեկն է, օրերս հայտարարել է, որ այդ հոդվածի հնարավոր փոփոխությունները պետք է կատարվեն ավելի ուշ, Հ.Դինքի սպանությունից հետո, հաղորդում է Turks.US Daily News-ը:

Նշենք, որ Հրանտ Դինքի հուղարկավորությունը տեղի ունեցավ հունվարի 23-ին Ստամբուլում: Դինքին հրաժեշտ տալու էին եկել հարյուր հազարավոր մարդիկ: Հավաքվածները պաստառներ էին տանում, որոնց վրա գրված էր` «Մենք բոլորս հայ ենք» եւ «301-րդ հոդվածը մարդասպան է»: Արարողությանը մասնակցելու նպատակով Ստամբուլ էր մեկնել նաեւ Հայաստանի պատվիրակությունը ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ: