Պաշտոնյա. Մետրոյի նոր կայարանը թանկ հաճույք է, բայց քաղաքին անհրաժեշտ

Պաշտոնյա.  Մետրոյի նոր կայարանը թանկ հաճույք է, բայց քաղաքին անհրաժեշտ

PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Գրիգորյանը մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե նոր կայանների կառուցում նախատեսվում է, տեղեկացրել է, որ նման ծրագիր ունեն, որը միջազգային կառույցների կողմից նախնական ուսումնասիրության է ենթարկվել:

Միաժամանակ նա նշել է, որ ևս մեկ կայարան ունենալը այսօր թանկ հաճույք է, թեև քաղաքին անհրաժեշտ է, գրում է Tert.am-ը:

«Դեպի Աջափնյակ ուղղությամբ երկու կայարան է նախատեսվում, նախնական ուսումնասրիրություններն ավարտված են, բայց այսօր ունենք մետրոպոլիտենի անվտանգ շահագործման հետ կապված խնդիրներ, ուստի ֆինանսական սուղ պայմանների պարագայում առաջնահերթ ենք գտնում եղած հնարավորություններն ուղղել դեպի պայմանների բարելավումը»,-ասել է նա:

Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ վարչական շրջանում մետրոպոլիտենի երկու կայարանի կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացրել է իրագործելիության նախնական ուսումնասիրություն։ Մետրոպոլիտենի կայարանների կառուցման համար առաջարկվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի և Գ. Չաուշի արձանի հարակից տարածքները:

2015-ի հուլիսին քաղաքապետարանից PanARMENIAN.Net ին հայտնել են, որ համաձայն իրականացված իրագործելիության նախնական ուսումնասիրության, Աջափնյակում մետրոպոլիտենի երկու կայարանի կառուցման առաջարկվող տարբերակներից նվազագույն խոշորացված արժեքը կազմում է մոտ 165.0, իսկ առավելագույնը՝ 250.0 մլն. եվրո։

Երկու կայարանի կառուցման նախագծի իրականացման նպատակով անհրաժեշտ ներդրումային միջոցներ ներգրավելու համար բանակցություններ են ընթանում միջազգային ֆինանսական և դոնոր կազմակերպությունների հետ։

Ներկայիս դրությամբ նախագծի առավել արդյունավետ իրականացման ուղղությունները գտնվում են քննարկման փուլում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---