7 մարտի 2016 - 13:20 AMT
Լոնդոնում ԵՄ-ն համեմատել են բանտի հետ, որտեղ ահաբեկչություն ու ֆաշիզմ են հրահրում

Եթե Մեծ Բրիտանիան համազգային հանրաքվեի արդյունքում դուրս գա Եվրամիության կազմից, դա նման կլինի կալանքից ազատվելուն, հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը: Այդ մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում:

«Դա նման է այն բանին, եթե բանտարկյալը կիսաբաց թողած լիներ բանտի դուռը և մարդիկ կարողանային տեսնել եզրագծից այն կողմ լույսով ողողված հողը: Եվ բոլորը հանկարծ կատաղի վեճեր սկսեցին ահաբեկիչների մասին շրջակա աշխարհում: Իրականում, դա հիանալի կլիներ: Բրիտանական բիզնեսը կթոթափեր ծանր բեռը»,-իրեն հատուկ պատկերավոր ոճով ասել է Ջոնսոնը:

Նա նաև մտահոգություն է հայտնել մարտի 4-ին ընդունված որոշման վերաբերյալ, որի համաձայն Բրիտանական առևտրի պալատի գլխավոր տնօրեն Ջոն Լոնգուորթը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից, քանի որ բացահայտ կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն: Լոնդոնի քաղաքապետը նշել է, որ վերջին 20 տարում ԵМ երկրներում ոչ մի առաջատար գործարարի չէին ստիպել հրաժարական տալ այսպիսի առիթով:

ԵՄ հարցում մեկ այլ հոռետես` Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Մայքլ Գոուվը The Sunday Times-ին ասել է, որ Եվրամիությունը ահաբեկչություն ու ֆաշիզմ է հրահրում: «ԵՄ պատճառով ծայրահեղ աջակողմյանների դիրքերը 1930-ականներից սկսած երբեք այսքան ամուր չեն եղել»,-կարծում է նախարարը: «Օրինակ, «Ոսկե արևածագ» կուսակցությունը Հունաստանի խորհրդարանում Հիտլերի գաղափարախոսության բացահայտ կողմնակից է և դա Հունաստանի և միասնական արժույթի հետ կատարվածի անմիջական հետևանքն է»,-հավելել է նա: Բացի այդ, նախարարը կարծում է, որ ԵՄ ղեկավարությունը միտումնավոր է արգելափակում Մեծ Բրիտանիայի նախաձեռնություններն, ուղղված ահաբեկչության դեմ պայքարին, մասնավորապես, հատուկ ծառայությունների կողմից հետևելուն:

«Մեր անվտանգությունն ու ինքնիշխանությունը միասին են ընթանում: Վստահ եմ, որ Եվրամիության շրջանակներից դուրս մենք լավագույն հնարավորություններն ունենք բրիտանացիներին պաշտպանելու համար»,-ասել է նախարարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Միևնույն ժամանակ, ըստ ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի, որևէ մեկի շահերից չի բխում, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից: «Մեծ Բրիտանիան հզոր գործընկեր է, եթե նա հեռանա, Եվրոպան կթուլանա»,-հայտարարել է նա:

ԵՄ կաղմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կայանալու է հունիսի 23-ին: Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կողմ է արտահայտվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Ջոնսոնի կարծիքը կարող է ազդել միլիոնավոր բրիտանացիների որոշման վրա:

Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ երկրների ղեկավարների հետ ամիսներ տևած բանակցություններից հետո հայտարարեց, որ հասել է ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության պայմանների վերանայմանn աշխատանքային միգրացիայի հարցում, ինչպես նաև «հատուկ պայմանների» ԵՄ-ում անդամության առումով:

«Սա պատմական օր է Բրիտանիայի համար»,-հայտարարել է Քեմերոնը Բրյուսելում գագաթաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսում: Նա խոստացել է չսահմանափակվել դրանով և նոր առաջարկներով հանդես գալ` ուղղված երկրի ինքնիշխանության ամրապնդմանը: