2017-ի փետրվարի 10-19-ը Լոս Անջելեսում կկայանա RachFest-2017 փառատոնը, որը Միացյալ նահանգներում Հայաստանն ու հայկական մշակույթը ներկայացնելու հնարավորություն է:
Փառատոնը կմեկնարկի Glendale Community College-ի Արվեստի և երաժշտության դեպարտամենտի աջակցությամբ ու գործակցությամբ:
Փառատոնի 10-օրյա ծրագրում ներառված են Հայաստանի ժամանակակից նկարիչների ցուցահանդեսներ՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի նախաձեռնությամբ:
Ինչպես նշել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը ևս ներկայացված կլինի փառատոնին, նախատեսված է նաեւ սիմֆոնիկ համերգ, որի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների երգեր, գրում է Aravot.am-ը:
Միջոցառմանը հետաքրքրություն և աջակցություն են ցուցաբերել նաեւ մի քանի տեղական հայկական կազմակերպություն, այդ թվում` Համազգային հայ կրթական և մշակութային միության ԱՄՆ-ի մասնաճյուղը:
RachFest-2017-ի գլխավոր իրադարձությունը Ռախմանինովի անվան միջազգային երաժշտական փառատոնն է, որին կմասնակցեն երիտասարդ դաշնակահարներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Նրանք կպայքարեն $25.000-ի չափով սահմանված մրցանակների համար:
2015-ին փառատոնն անցկացվել է ԱՄՆ այլ քաղաքներում՝ արժանանալով տեղական մամուլի դրական արձագանքներին: