26 հունվարի 2007 - 18:41 AMT
Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիային ընտրության առաջ կանգնեցրեց. Արեւմուտք թե Արեւելք
Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիային վերջնականապես ընտրության առաջ դրեց` ուր գնալ. Արեւմուտք թե Արեւելք: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Եթե Թուրքիան իրոք ձգտում է ԵՄ եւ ընդունում է արեւմտյան արժեքները, ինչպիսին խոսքի ազատությունն է եւ մարդու իրավունքները, նա պետք է վերացնի 301-րդ հոդվածը, որի զոհ դարձավ Դինքը: Քանի դեռ այս հոդվածը գոյություն ունի, Թուրքիայում ամեն տեսակ գործողություններ են հնարավոր` ուղղված ազգային փոքրամասնությունների դեմ. հայերի, հույների, ասորացիների, քրդերի: Ես խորապես համոզված եմ, որ «Ագոս» թերթի գլխավոր խմբագրի սպանությունը կորուստ է հանդիսանում ոչ միայն Հայաստանի կամ Թուրքիայի համար, այլեւ ողջ աշխարհի: Ես այդ մասին ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, քանի որ այս օրերին Հրանտ Դինքի հիշատակին հարգանքի տուրք էր մատուցվում բոլոր երկրնորւմ, որտեղ հայկական սփոյւռք կա: Իսկ այն, ինչպես գիտեք, կա գրեթե ամենուրեք»,- նշել է նա: Նրա խոսքերով, Դինքի հուղարկավորությանը ներկա էր մոտ 100 հազար մարդ, եւ դա խոսում է այն մասին, որ ոչ բոլորն են Թուրքիայում կիսում ազգայնամոլների համոզմունքները: Նա նշել է, որ այս օրերին թուրքական մամուլը գրում էր սպանվածի մասին` որպես 301-րդ հոդվածի զոհ, եւ շատ խիզախ էր գրում: «Հրանտ Դինքը խոսել է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, նա գրում էր ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, խոսքի ազատության իրավունքի մասին: Դա անդառնալի կորուստ է եւ ես չեմ կարողանում հասկանալ Հայաստանի եւ Թուրքիայի այն քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են շահարկել այ սպանությունը, դա անբարոյական է: Իսկ Հայաստանի համար Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին դրական կլինի: Մենք եվրոպացի հարեւան կունենանք, որը պարտավոր է որոշակի պարտավորություններ կատարել»,- ընդգծել է Վարդանյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Ստամբուլը դեռ ողջ Թուրքիան չէ, այլ միայն դրա եվրոպական հատվածը: «Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է զբաղվի Թուրքիայի մնացած հատվածի կրթմամբ, հատկապես դրա արեւելյան հատվածի: Եւ այդ տեսանկյունից, կրկնվեմ, 301-րդ հոդվածի վերացումը պետք է իր դրական դերը խաղա: Եթե երկրում իշխում է կրոնական եւ ազգային անհանդուրխողականության մթնոլորտը, ապա դժվար է խոսել ինչ-որ փոփոխությունների մասին: Ճիշտ է, որ կան որոշակի շարժեր. վերականգնված է Ախթամարի եկեղեցին: Դա շատ լավ է, սակայն եթե դրա վրա չգրվի, որ դա հենց հայկական եկեղեցի է, ապա նշանակում է Թուրքիան հերթական անգամ փորձում է թաքցնել ճշմարտությունը: Բոլոր պահպանված հայկական հուշարձանները Թուրքիայի տարածքում պետք է վերականգնվեն` պատկանելիության անպայման նշումով: Թե չէ գրում են. «Բյուզանդական մշակույթի հուշարձան»... Ի՞նչ է դա, եթե ոչ հերթական սուտ»,- ասել է AAA-ի տարածաշրջանային տնօրենը: