29 հունվարի 2007 - 14:52 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն գոհ է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կառուցողական մոտեցումից
«Չորս օր տեւած հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` դեսպան Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) իրենց գոհունակությունն են հայտնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք հիմնարար սկզբունքների ամփոփման գործում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ցուցաբերած կառուցողական մոտեցման վերաբերյալ»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ` Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան կատարած այցերի շուրջ:Հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Հունվարի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հյուրընկալեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ կազմակերպված բանակցությունները` ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ` Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ: Հունվարի 24-ին Բաքվում համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվին: Հունվարի 25-ին նրանք այցելեցին Լեռնային Ղարաբաղ` հանդիպելու ԼՂ ղեկավար Արկադի Ղուկասյանին: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նրանք հադիպեցին հունվարի 26-ին, Երեւանում:

Համանախագահները բարձր են գնահատում այս շաբաթվա ընթացքում իրենց հետ հանդիպած բոլոր զրուցակիցների կողմից ներդրված ջանքերը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պարտականությունն է համանախագահների աջակցությամբ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորումը: Նախագահները վճռականորեն են պաշտպանում իրենց ազգային շահերը: Միեւնույն ժամանակ, նրանք հնարավորություն են ստեղծում, որպեսզի խաղաղության գորընթացը առաջ ընթանա:

Համանախագահները քաջալերում են բոլոր կողմերին զարգացնել բանակցությունների արդյունքում ձեռք բերված առաջընթացը եւ իրենց հասարակություններին պատրաստել անհրաժեշտ փոխզիջումների: Միեւնույն ժամանակ, համանախագահները խրախուսում են վստահություն ամրապնդելու շարունակական միջոցառումների իրականացումը եւ հրադադարի պահպանումը` վստահության եւ փոխըմբռնման մակարդակը կողմերի միջեւ բարձրացնելու համար»: