30 հունվարի 2007 - 13:39 AMT
Ժ. Շիրակ. Ֆրանսիան շատ կցանկանար, որ Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատվեր
Փարիզում, Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ժակ Շիրակի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Նախագահների հանդիպման առանցքային թեման ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է եղել: Ադրբեջանի նախագահը օգտակար է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ տարածաշրջան կատարած նրանց վերջին այցելության ժամանակ, որը կայացավ անցած շաբաթ: Շիրակը, նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեը Ֆրանսիան է, ընդգծել է երկրի ջանքերն, ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Բացի այդ, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել էներգետիկ նախագծերի, Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ: Անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում նախագծերին` Ի.Ալիեւն ընդգծել է դրանց նշանակությունը, հիշեցնելով, որ Բրյուսել կատարած իր այցի ժամանակ անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել էներգետիկ հարցերում ռազմավարական համագործակցության վերաբերյալ: Նա նշել է, որ Ադրբեջանը կդառնա առաջին երկիրը, որը նավթ եւ գազ կառաքի Կասպից տարածաշրջանից եվրոպական շուկա:

Տարածաշրջանում կատարվող գործընթացների քննարկման ընթացքում նախագահ Շիրակն ասել է, որ իր երկիրը շատ կցանկանար, որ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Ադրբեջանը, տիրեր խաղաղության եւ կայունության մթնոլորտ, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջան»-ը: