30 հունվարի 2007 - 14:12 AMT
Հայաստանի ԱԱԾ-ն չի համագործակցել լրտեսության համար Բաքվում դատապարտված Արիզ Հալիլովի հետ
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Վրաստանի քաղաքացի Արիզ Հալիլովի հետ համագործակցելու մեղադրանքները, որին օրերս դատապարտել են ՀՀ օգտին լրտեսության եւ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման համար, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, Արիզ Հալիլովի` Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո սահմանամերձ գյուղի բնակիչի գործունեությունը, որը մանրավաճառ էր, արհեստականորեն ուռճացվում է Բաքվի կողմից, որը «բացառիկ ունակություններ» է վերագրում նրան եւ նավթային ենթակառուցվածքներում ու Բաքվի խոշոր օբյեկտներում պայթյուններ կազմակերպելու մտադրություններ:

«Հավանաբար, Ադրբեջանի իշխանությունները լրջորեն անհանգստացած են անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին հրապարակված տեղեկությամբ` ադրբեջանցի հերթական գործակալի ձերբակալման եւ դատապարտման վերաբերյալ»,-հայտարարել է Հայաստանի ԱԱԾ-ն:

Հիշեցնենք, որ օրերս Բաքվում ավարտվեց ադրբեջանցի, Վրաստանի քաղաքացի Արիզ Հալիլովի գործով դատավարությունը` «Ադրբեջանի դեմ Հայաստանի հատուկ ծառայությունների համար համագործակցելու համար»: Ադրբեջանի Ծանր հանցագործությունների դատարանի որոշմամաբ Արիզ Հալիլովը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: