30 հունվարի 2007 - 14:51 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւ
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խնբի անդամ Ջոզեֆ Քրոուլին Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացրել, հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւ: Ըստ կոնգրեսականի, չափազանց կարեւոր է, որ ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը եւ կոչ անի Թուրքիային պաշտպանել բոլոր կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները: «Ժամանակն է, որ Թուրքիան չեղյալ հայտարարի ՔՕ 301-րդ հոդվածը, որը նպաստում է նման սոսկալի սպանությունների կատարմանը»,-նշել է Ջոզեֆ Քրոուլին: Բանաձեւը կոչ է անում Ներկայացուցիչների պալատին դատապարտել Հրանտ Դինքի ողբերգական սպանությունը, ինչպես նաեւ կոչ անել շարունակել այդ հանցագործության քննությունը եւ դատավարությունը սպանության համար պատասխանատու անձանց հանդեպ: Բացի այդ, փաստաթղթում կոչ է արվում Անկարային համապատասխան քայլեր ձեռնարկել խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ուղղությամբ, չեղյալ հայտարարելով 301-րդ հոդվածը, որով քրեական պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտվելու համար, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: