30 հունվարի 2007 - 16:30 AMT
Հայոց ցեղասպանությունն ու Ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի կապել միմյանց հետ
Հայոց ցեղասպանության հարցը Եվրամիության համար հանդիսանում է Թուրքիային ԵՄ չթողնելու հնարավերություններից մեկը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, Եվրամիությունը նաեւ գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է ակտիվանան: «Եթե եվրոպական երկրները վերջնականապես երես թեքեն Թուրքիայից, ապա այն կդիմի Ռուսաստանին, ինչպես դա եղել է արդեն պատմության ընթացքում: Եթե ենթադրենք, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Հայաստանը, եւ հավանական է նաեւ Իրանը, որեւիցե համաձայնության հանգեն տարածաշրջանի հակամարտությունների հարցով, ապա ԵՄ-ն մեծ խնդիրներ կունենա էներգակիրների հետ: Դա, իհարկե, տեսականորեն, սակայն քաղաքականության մեջ ամեն բան հնարավոր է եւ դա հնարավոր սցենար է»,- ասել է Մելիքյանը, ընդգծելով, որ դա զուտ տեսական ենթադրություն է:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցից կարող են օգտվել երրորդ երկրները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: «Չգիտես ինչու, այս երկու հարցերը հաճախ սկսել են միմյանց հետ կապել, ինչը եւ անում է Թուրքիան, սակայն դրանք բացարձակ տարբեր բաներ են: 1915 թվականի Ցեղասպանության փաստը հայերի համար ճշմարտություն է, որը քննարկման ենթակա չէ: Ինչպես եւ ԼՂՀ անկախության իրավունքը»,- ասել է ԼՂՀ նախագահի խորհրդականը: