Դամասկոսն ապօրինի է համարում քրդերի կողմից դաշնության հռչակումը

Դամասկոսն ապօրինի է համարում քրդերի կողմից դաշնության հռչակումը

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանություններն ապօրինի են համարում երկրի հյուսիսում քրդերի դաշնային տարածքի հռչակումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին սիրիական SANA գործակալության վրա հղումով:

Սիրիայի քրդերը մարտի 17-ին դաշնային տարածարջան են հռչակել Սիրիայի հյուսիսում: «Ռոժավայի և հյուսիսային Սիրիայի ժողովրդավարական համակարգի» կազմում ընդգրկվել է 3 սիրիական կանտոն և որոշ հարակից շրջաններ:

«Սիրիայի կառավարությունը նախազգուշացնում է Սիրիայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը խարխլելու փորձերի անթույլատրելիության մասին»,-ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Դաշնություն» հռչակելու համար սիրիական Ռումեյլա քաղաքում էր հավաքվել 200 պատվիրակ հյուսիսային Սիրիայի ամբողջ տարածքից, որոնք ներկայացնում էին սիրիական Քրդստանը, ինչպես նաև Հալեպի, Ալ Շանբեի և այլ քաղաքների արաբական, ասորական, հայկական, չեչենական, չերքեսական, թուրքմենական համայնքները:

Ենթադրվում է, որ դաշնությունը մնում է Սիրիայի կազմում և կմիավորի ազգային համայնքներն ու աշխարհազորը` դիմակայելու համար «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբավորումներին:

Ավելի վաղ սիրիական Քրդստանը ինքնավարություն էր հռչակել, որը ղեկավարում էր Բարձրագույն քրդական խորհուրդը: Սիրիայի կենտրոնական կառավարությունն այդ ինքնավարությունը չի ճանաչում: Միևնույն ժամանակ պատերազմի պատճառով Սիրիայի հյուսիսը, որտեղ հիմնականում քրդեր են բնակվում, կտրված է երկրի մյուս շրջաններից: Ասադի կառավարությունն ազդեցություն չունի սիրիական Քրդստանի տարածքի վրա, որտեղ 4,6 մլն մարդ է ապրում, որից 2,5 մլն քրդեր են:

Սիրիայի վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են մարտի 14-ին Ժնևում ՄԱԿ հովանու ներքո, ՌԴ, ԱՄՆ և այլ պետությունների մասնակցությամբ: Բանակցությունների է հրավիրված Ասադի վարչակազմը, ինչպես նաև սիրիական ընդդիմության ներկայացուցիչները: Օրակարգը որոշել է ՄԱԿ ԱԽ-ն: Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ մասնակցում են նաև քրդերը, սակայն PYD-ն չի մասնակցում:

Փետրվարի 27-ից ՌԴ և ԱՄՆ նախաձեռնությամբ Սիրիայում հրադադար է հաստատվել, սակայն ԻՊ և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները շարունակվում են:

Ընթերցեք նաև. Սիրիացի քրդերը մտադիր են դաշնություն հռչակել երկրի հյուսիսում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---