21 մարտի 2016 - 15:09 AMT
Հիվանդության ձեռքբերման հետևանքով զորացրվածները կբուժվեն անվճար

Մարտի 21-ից զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի կամ հիվանդության ձեռքբերման պատճառով զորացրված անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել կտրամադրվի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ՀՀ ԲՍՓ գործակալության կառուցվածքային ստորաբաժանման և տարածքային մարմինների կողմից կազմած վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում:

Այս մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Մինչ այս, ՀՀ կառավարության 2004-ի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» որոշման համաձայն զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չէին ճանաչվում, քաղաքացիական բժշկական հաստատություններում ստացիոնար բուժօգնություն ստանալիս վճարումները կատարում էին իրենց միջոցներով և չէին օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից: