21 մարտի 2016 - 15:10 AMT
Հարցում. ՌԴ-ում Պուտինին վստահողների թիվը 1 տարում նվազել է 10%-ով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համակրող և վստահող ռուսաստանցիների թիվը նվազել է համապատասխանաբար 7% և 10%-ով: 10% նվազել է նաև նրան «էներգիայիով լեցուն, վճռական, ամուր կամքի տեր» մարդ համարողների քանակը: Այդ են վկայում «Լևադա-կենտրոնի» 2016-ի փետրվար-մարտ ամիսներին անցկացրած հարցումների տվյալները: Վստահության վարկանիշը մոտենում է «Ղրիմին նախորդող վարկանիշին», նշում են մասնագետները, հայտնում է «Դոժդը»:

Հարցման մասնակիցներին հարց են տվել. «Ի՞նչ բառերով կբնորոշեք ձեր վերաբերմունքը Վլադիմիր Պուտինի հանդեպ»: Մարտին իրենց վերաբերմունքը «համակրանք» բառով է բնորոշել հարցման մասնակիցների 30%, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը 37% էր: Նվազել է նաև ՌԴ նախագահին վստահողների քանակը: «Լիովին վստահում է նրան ռուսաստանցիների 21%-ը, «ավելի շուտ վստահում է, քան ոչ»` 52%, «ավելի շուտ չի վստահում»` 14%: Նախորդ տարվա համապատասխան թվերն են` 26%, 57%, 14%., ուստի վստահողների թիվը նվազել է 10%: Նախագահի մասին «ոչ մի վատ բան» չի կարող ասել հարցման մասնակիցների 30%-ը: «Հիացմունքով» վերաբերվողների քանակը 10%-ից նվազել է մինչև 8%:

Սակայն աճել է «չեզոք կամ անտարբեր» վերաբերմունքով մարդկանց քանակը` 10%-ից հասնելով 15%-ի: Ռուսաստանցիների 17%-ը կարծում է, որ ՌԴ նախագահը, հավանաբար, կապված է կոռումպացված քաղաքական գործիչների հետ:

2016-ի մարտին նախագահի արտաքին քաղաքականությանը հավանություն է տվել հարցվածների 22%-ը` նախորդ տարվա 16%-ի դիմաց:

Հարցման մասնակիցների 65%-ը կրկին կցանկանար տեսնել Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում` նախորդ տարվա 57%-ի դիմաց:

Պուտինի հանդեպ համակրանքի և վստահության առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2015-ի մարտին: