22 մարտի 2016 - 10:17 AMT
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց

Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին` մարտի 19-ին և 20-ին, ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց: Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (40 արկ) և 82 (11 արկ) միլիմետրանոց ականանետեր:

Սովորության համաձայն, փորձելով պարտակել իր ապակառուցողական գործողությունները, Ադրբեջանը լարվածության աճի մեջ շտապել է մեղադրել հայկական կողմին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է իր հանձնառությունը խստորեն հետևել ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կանխել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: