ԱԻՆ. 2016-ը վերջին 5 տարում ամենաջրառատը կլինի ՀՀ-ում

ԱԻՆ. 2016-ը վերջին 5 տարում ամենաջրառատը կլինի ՀՀ-ում

PanARMENIAN.Net - 2016 թվականը Հայաստանում ամենաջրառատը կլինի վերջին 5 տարում: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի բաժնի պետ Լևոն Ազիզյանը:

Նա նշել է, որ ընթացիկ տարին 2015-ից 1,5-2 անգամ ավելի ջրառատ կլինի:

«2016-ին Հայաստանի գետերի մեծ մասի գարնանային վարարումների ծավալն ակնկալվում է նորմայի 100-120 տոկոսի սահմանում, Սևանի ավազանում` 100-150 տոկոսի: Եթե ջերմաստիճանը կտրուկ բարձրանա և հորդառատ անձրևներ լինեն Դեբեդ, Փամբակ, Արաքս, Ախուրյան, Հրազդան, Ազատ, Արփա գետերի ավազաններում, ապա հնարավոր են հեղեղումներ»,-ասել է Ազիզյանը:

Ինչպես հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը, նա ձեռնպահ է մնացել կանխատեսումներից, քանի որ նման կանխատեսումներ կարելի է անել միայն 3-4 օր առաջ: Նա ամբողջությամբ բացառել է հեղեղման վտանգը Գետառում` հիշեցնելով, որ վերջին անգամ Երևանում ջրհեղեղ եղել է 1946 թ.:

«Ապրիլ-հունիսին կանխատեսվում է Սևանի մակարդակի բարձրացում 55-60 սմ, իսկ դեկտեմբերի 31-ի համեմատ` 25-30 սմ: Կանխատեսվում է, որ Ախուրյանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարները կլցվեն 100 տոկոսով, Արփա լճինը` 80-85, Ապարանինը` 77-82 տոկոսով»,-ասել է Ազիզյանը:

2016-ի սկզբին Սևանի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 12-13 սմ: 2015-ի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակն իջել է 10 սմ-ով: Սևանից բաց թողնվող ջրի ծավալների մասին քննարկումները միշտ սուր են եղել։ Լճի էկոլոգիական վիճակով անհանգստացողները դեմ են օրենսդրորեն նախատեսված տարեկան 170 մլն խմ-ից ավելի ջրառ իրականացնելուն առավելագույնը 240 մլն խմ՝ կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների ջրատվության աստիճանից), իսկ պետական մարմիններն ամեն կերպ հիմնավորում են դրա անհրաժեշտությունը և վերջին վեց տարում 3 անգամ իրականացրել են լրացուցիչ ջրառ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---