1 փետրվարի 2007 - 16:11 AMT
Հաստատվել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետացանկը
Հայաստանի ԿԸՀ-ն յոթ «կողմ» եւ երկու ձեռնպահ անդամների քվեարկությամբ հաստատել է առաջիկա միջոցառումների անցկացման ժամկետացանկը: Միջոցառումների ժամկետացանկի համաձայն, առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակներով թեկնածուների փաստաթղթերը պետք է ներկայացվեն փետրվարի 26-ից մարտի 3-ը: Նույն ժամանակահատվածում պետք է ներկայացվեն նաեւ մեծամասնական ցուցակներով թեկնածուների փաստաթղթերը: Ընտրական հանձնաժողովները պետք է ձեւավորվեն մինչեւ մարտի 28-ը: Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն ԿԸՀ մինչեւ մարտի 28-ը:

Հաստատված ժամանակացույցի համաձայն, նախընտրական արշավն իրականացվում է ապրիլի 8-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Կուսակցությունների ընտրական ցուցակները պետք է գրանցվեն ապրիլի 2-ից 7-ը: Նույն ամանակահատվածում պետք է գրանցվեն նաեւ մեծամասնական ցուցակներով ներկայացվող թեկնածուները: Թեկնածուները, կուսակցությունները կամ կուսակցական խմբերը կարող են ընտրական ցուցակներից հանել իրենց թեկնածությունը մինչեւ մայիսի 2-ը: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ընտրման գործընթացը նշանակված է մայիսի 12-ին` տեղական ժամանակով 08:00-ից 20:00: Ընտրատեղամասերում արդյունքների արձանագրությունները պետք է հրապարակվեն մինչեւ մայիսի 13-ի 10:00: Համամասնական ցուցակներով ընտրությունների նախնական արդյունքները պաշտոնապես պետք է հայտնվեն մինչեւ մայիսի 13-ի 20:00: Մեծամասնական համակարգով ընտրությունների ընդհանրացված արդյունքները կվավերացվեն մինչեւ մայիսի 17-ը, իսկ համամասնական համակարգով` մինչեւ մայիսի 19-ը: Ընտրությունների ընթացքի դիտորդները կարող են գրանցվել ԿԸՀ-ում մինչեւ մայիսի 2, հաղորդում է Regnum-ը: