ՀՖՖ նախագահ. Մովսիսյանը, Արզումանյանը և Կասպարովը հավաքական չեն հրավիրվելու

ՀՖՖ նախագահ. Մովսիսյանը, Արզումանյանը և Կասպարովը հավաքական չեն հրավիրվելու

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի: Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան:

Դավաճանությունը միայն խաղը վաճառելը չէ: Դու գալիս ես հավաքական, տեղ ես զբաղեցնում, ասում ես պատրաստ ես, բայց չես խաղում: Լավ, եթե Մովսիսյանի հարցում մենք ենք մեղավոր, բա Մոսկվայի «Սպարտակից» նրան ինչո՞ւ հեռացրին: Բոլորդ տեսել եք, նա ֆուտբո՞լ է խաղացել վերջին 2 տարում, իհարկե ոչ», - ասել է նա, «Ֆուտբոլ +»-ին հղումով գրում է Armsport.am-ը:

Հայրապետյանի խոսքով՝ Ռոբերտ Արզումանյանի հարցազրույցներն ու հայտարարությունները տալիս են ամեն ինչի պատասխանը:

«Դրա համար ես չեմ ուզում անդրադառնալ այդ մարդկանց և ցանկանում եմ հայտարարել, որ քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական», հայտարարել է Հայրապետյանը:

ՀՖՖ-ի ղեկավարը նաև խոսել է պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի` հավաքական չհրավիրվելու մասին.

«Նա հավաքական չի հրավիրվել ոչ թե այն պատճառով, որ ես չեմ ուզում, այլ նոր գլխավոր մարզչի որոշմամբ»:

Նոյեմբերի 25-ին մի շարք ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի `Ալբանիայի ընտրանու հետ հանդիպման խաղի ժամանակ որոշ ֆուտբոլիստների կողմից եղել է խաղի դավաճանություն, սակայն չի նշել կասկածվող ֆուտբոլիստների անունները:Նոյեմբերի 30-ին, Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան շարժումի հետ հանդիպմանը, Հայրապետյանն ընդգծել է նաև, թե ինչ է նկատի ունեցել` ասելով դավաճանություն. «Դավաճանություն բառին պետք է խորությամբ նայել: Դա այն է, երբ ֆուտբոլիստը, կրելով ազգային հավաքականի խաղաշապիկը, խաղերին չի նվիրվում, մարզումներին լրջությամբ չի մոտենում»:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը, Կառլեն Մկրտչյանը ու Հրայր Մկոյանը հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու ՀՖՖ նախագահի մամլո ասուլիսին արձագանքող հայտարարությամբ են հանդես եկել:

Կարդացեք նաև՝ ՖԱՖ. Առաջնային նպատակը մնում է ՀՖՖ-ից Հայրապետյանի հեռացումը

ՀՖՖ նախագահ. Եթե 2018-ի ԱԱ-ում հավաքականը ձախողվի, հրաժարական կտամ

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---