1 փետրվարի 2007 - 16:59 AMT
Վ. Պուտինը դժվարացել է որեւէ բնագավառ գտնել, որտեղ ՌԴ-ն Հայաստանի հետ անլուծելի խնդիրներ ունենա
«Մեր հարաբերությունները հայ ժողովդրի հետ հոյակապ են: Մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով. եւ քաղաքականության, եւ տնտեսության, եւ անվտանգության բնագավառներում, քանի որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ` հավաքական անվտանգության կազմակերպության անդամ»,- այսօր Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ինչ վերաբերում է մեծ ներդրումներին, ապա... Դա ներդրումներն են էներգետիկայի բնագավառում: Ինչպես հայտնի է, մենք Հայաստանի հետ եւս անցել ենք շուկայական գների ձեւավորման, սակայն արժեքի մի մասը մինչեւ շուկայական նշագիծը հատուցվում է իրացվելի սեփականությամբ: Եւ մենք մասնակցում ենք Իրանից գազատարի կառուցման գործում: Մենք մասնակցություն ունենք նաեւ Հայաստանի տարածքի էներգետիկ ցանցերում: Մենք մասնակցում ենք ...հիդրոէներգետիկայում: Սակայն դա, իհարկե, բավարար չէ: Հայաստանի նախագահը, երբ վերջերս աշխատանքային այցով գտնվում էր Սոչիում, մի շարք հարցեր թողեց: Դա վերաբերում է եւ անդամանդագործության բնագավառին եւ այլ բնագավառների եւս»,- նշել է Ռուսաստանի նախագահը: «Մենք իրականացնում ենք ծրագիր, որը կապված է պարտքի մարման հետ իրացվելի եկամուտների միջոցով եւ մտադիր ենք վերականգնել այն ձեռնարկությունները, որոնք անցել են համապատասխան ռուսական ընկերություններին: Ընդհանուր առմամբ, դուք գիտեք, մենք գրեթե բոլոր ուղղություններով ամենաակտիվ ձեւով զարգացնում ենք մեր հարաբերությունները: Ինձ համար նույնիսկ բարդ է... Բարդ է որեւէ բնագավառ գտնել, որտեղ մենք այսօր չկարգավորված խնդիրներ ունենայինք: Չնայած, երբ մենք երկխոսություն էին տանում էներգետիկայի վերաբերյալ, բարդ էր: Սակայն մենք, այնումենայնիվ, ընդունելի որոշում գտանք»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը: