2 փետրվարի 2007 - 16:23 AMT
TIME շաբաթաթերթը ուղղել է իր սխալը Հայոց ցեղասպանության հարցով հրապարակումներում
«TIME» շաբաթաթերթը Հայոց ցեղասպանության մասին վավերագրական կինոնկար է տարածում, ուղղելով այս հարցի խմբագրական քաղաքականությունը փետրվարի 12-ի համարում, որը Եվրոպայի թերթի կրպակները կսկսեն ստանալ փետրվարի 2-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է The California Courier-ի (Լոս-Անջելես, ԱՄՆ) խմբագիր Հարութ Սասունյանը: Հաղորդագրության մեջ ասվում է. «TIME-ը հրապարակում է Հայոց ցեղասպանության նյութերի հավաքածու: Համարում նաեւ կա DVD` Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆրանսիացի ռեժիսոր Լորանս Ջորդանի 52-րոպեանոց վավերագրական կինոնկարով եւ ֆրանսիացի պատմաբան Իվ Թերնոնի հետ 46-րոպեանոց հարցազրույց: «TIME»-ի անվճար ակցիան` 550 հազար տպաքանակով, հանդիսանում է շաբաթաթերթի խմբագրության կողմից 2005 թվականի հունիսին արված սխալի ընդունման արդյունք: Այն ժամանակ առանց ճշգրիտ ստուգելու, որպես զբոսաշրջիկությանն աջակցելու գովազդ, «TIME»-ը 2005 թվականի հունիսի 6-ի համարում թուրքական DVD էր տարածել: Անկարայի առեւտրական պալատի կողմից վճարված DVD-ն ոչ այն ինչ էր, քան ստի եւ Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության պրոպագանդա:
Սխալն ուղղելու համար շաբաթաթերթը 2005 թվականի հոկտեմբերի 17-ի համարում բավականին քննադատական եւ մեծ նամակ հրատարակեց` ստորագրված հինգ ֆրանսիական կազմակերպությունների կողմից. Memorie 2000, Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համադրման Խորհուրդ, «Հայ Դատի» հանձնախումբ (CDCA), JAccuse եւ Ռասիզմի դեմ, հանուն ժողովուրդների միջեւ բարեկամության շարժում (MRAP): Նամակին կից խմբագրական մեկնաբանության մեջ TIME-ն իր ներողամտությունն էր հայցում թուրքական DVD-ի տարածման համար:
2005 թվականին վերը նշված հինգ կազմակերպությունները` «Շվեյցարիա-Հայաստան» Ասոցիցիայի, Հայ իրավաբանների ֆրանսիական ասոցիացիայի եւ Արդարության եւ ժողովրդավարության հայկական դաշնության (EAFJD) եւ The California Courier թերթի հետ համատեղ, TIME շաբաթաթերթի ղեկավարության հետ համաձայնության հասան, որը երաշխավորում է, որ Հայոց ցեղասպանության փաստն այսուհետ չի խեղաթյուրվի թերթի էջերին: Հետագայում TIME Internetional-ի խմբագիր Մայքլ Էլիոթը հրապարակային հայտարարությամբ ելույթ ունեցավ. «Խնդրում եմ նկատի ունենալ, որ մյուս առաջատար ԶԼՄ-ների հետ, TIME-ը եւս պաշտպանում է Հայոց ցեղասպանության ճանաչումը` որպես պատմական փաստ:
Համապատասխանաբար, ես կտեղեկացնեմ մեր թղթակիցներին եւ խմբագիրներին, որ «Հայոց ցեղասպանություն» տերմինը պետք է նրանց կողմից օգտագործվի առանց վերապահությունների»:
Վերը նշված կազմակերպությունները լիովին գոհ են TIME-ի կողմից նախաձեռնվող քայլերից: Նրանք գոհ են նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը խեղաթյուրելու թուրքական փորձերը լավագույն ձեւով ետ մղվեցին` TIME-ի խմբագրության հետ նրանց սերտ համագործակցության արդյունքում, որը լրագրողական էթիկան ամեն ինչից վեր դասեց: