ՌԴ-ն ներել է Ուզբեկստանին $864 մլն պարտքը

ՌԴ-ն ներել է Ուզբեկստանին $864 մլն պարտքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Ուզբեկստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև ֆինանսական փոխադարձ պահանջների վերացումը նախատեսող համաձայնագիր:

Փաստաթղթի համաձայն, ՌԴ-ն կների Ուզբեկստանին ԽՍՀՄ փլուզումից հետո տրված վարկերը: Ուզբեկստանն, իր հերթին, հետ կկանգնդի դեռևս սովետական ժամանակահատվածի հարցերի վերաբերյալ առաջ քաշած գույքային պահանջներից, գրում է «Վեստի Ֆինանս»-ը:

Ուզբեկստանի պարտքը ՌԴ-ին կազմում է $889.3 մլն, որից $500.6 մլն-ը՝ մայր գումար, $388.7 մլն-ը՝ տոկոսներ: Ուզբեկստանն այդ գումարից կվճարի միայն $25 մլն-ը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ուզբեկստանի պարտքի մարման հարցի լուծումը հնարավորություն կտա ռուսական ռազմատեխնիկա առաքել այդ երկիր՝ նոր կնքվելիք վարկային համաձայնագրերով:

Ռուսաստանը բազմիցս է միլիարդանոց պարտքեր ներել այլ պետություններին, սակայն, հիմնականում խոսքը դեռ խորհրդային պարտքերի մարման մասին է: Մասնավորապես, ներվեց Անգոլայի 3,5 մլրդ դոլարի պարտքը, Տանզանիայի, Բենինի, Մալիի, Գվինեա Բիսաուի, Չադի և այլ աֆրիկյան պետությունների պարտքերի 90 տոկոսը, Մոնղոլիայի 11,4-միլիարդանոց պարտքի 11,1 միլիարդ դոլարը, Իրաքի 9,5 մլրդ դոլարը, Սիրիայի 9,7 մլրդ դոլարը, Ալժիրի 7,7 մլրդ դոլարը և միլիոնավոր դոլարի պարտքեր նաև այլ երկրների դեպքում: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը ներեց Ղրղզստանի 500 մլն դոլարի պարտքը:

2002 թվականին «գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակում 98 մլն դոլար պարտքը մարելու համար Ռուսաստանին փոխանցեց «Մարս» գործարանի տարածքը, Հրազդանի ՋԷԿ-ը և երկու գիտահետազոտական ինստիտուտ: Ավելի ուշ պարտքեր մարելու համար ՌԴ-ին փոխանցվեց նաև Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը: 2013-ին 160 մլն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի վերջին 10 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---