Ուորլիք. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում ԱՄՆ-ում նախատեսված չէ

Ուորլիք. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում ԱՄՆ-ում նախատեսված չէ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության IV գագաթնաժողովի շրջանակում չեն նախատեսում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Մարտի 28-ին մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցն ԱՄՆ:

«Այս պահի դրությամբ Վաշինգտոնում նախագահների հանդիպման վերաբերյալ պլաններ չկան: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք աջակցել նախագահների միջև ակտիվ երկխոսությանն ընթացիկ տարում: Մյուս համանախագահների անունից ես մտադիր եմ հանդիպումներ ունենալ կողմերի հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը»,-հայտարարել է Ուորլիքը, հայտնում է Report.az-ը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2015-ի դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, որը տևել է մեկ ժամից ավելի: Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը տեղեկացրել է, որ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը անցել է փակ դռների հետևում։ Առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին և արտգործնախարարներին:

Բեռնում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույց տեսքով հանդիպման ժամանակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---