5 փետրվարի 2007 - 16:36 AMT
ԵՄ. Կոսովոն այն օրինակը չէ, որը կարելի է կիրառել այլ տարածաշրջաններում
Կոսովոն այն օրինակը չէ, որը կարելի է կիրառել այլ տարածաշրջաններում, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Նրա խոսքերով, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարին Կոսովոյի ապագա կարգավիճակի գործընթացի վերաբերյալ իր առաջարկները ներկայացրել է շփման խմբի անդամներին եւ իր գործընկերներին Սերբիայում եւ Կոսովոյում: Դրանք կքննարկվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մարտին: «Մենք միշտ համարել ենք, որ յուրաքանչյուր դեպք անհատական է: Հետխորհրդային տարածքում ստեղծված բոլոր իրավիճակներն ունեն տարբեր պատմական, քաղաքական եւ տնտեսական համատեքստ: Կոսովոն այն օրինակը չէ, որը կարելի է կիրառել այլ տարածաշրջաններում: Կոսովոյի հարցով գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ, եւ, հետեւաբար, համաձայնեցված գործընթաց է գնում ՄԱԿ-ի հովանու ներքո շփման խմբի հետ, որտեղ ընդգրկված է նաեւ Ռուսաստանը»,-հայտարարել է Բենիտա Ֆերերո-Վալդները, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: