5 փետրվարի 2007 - 17:03 AMT
«Ուրացողների» ճամբարում մնալու եւ զուգահեռաբար ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի շանսերը գնալով նվազում են
1915-1917 թթ. Օսմանյան կայսրության կողմից արեւելյան Անատոլիայի տարածքում գործած Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին հարցը փաստորեն հիմնականն է դարձել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում: Ինչպես հիշեցնում է Լենտա.ռու-ն, պատմաբանների տվյալներով, օսմաններն այդ տարիներին սպանել են շուրջ մեկուկես միլիոն հայերի: Անկարան հրաժարվում է դա ցեղասպանություն ճանաչել` անվանելով կատարվածը «ժողովրդի բռնի տեղահանում»: Սակայն, «ուրացողների» ճամբարում մնալու եւ զուգահեռաբար Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի շանսերը գնալով նվազում են: Սկզբում Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց մի օրենք, որի համաձայն Թուրքիայի կողմից հայ բնակչության ցեղասպանության ժխտումը կհամարվի հանցագործություն եւ կպատժվի կամ 45 հազար եվրո տուգանքով, կամ մեկ տարվա ազատազրկմամբ: Այժմ էլ, եթե հավանության արժանանա նաեւ Գերմանիայի առաջարկած օրենքն, ըստ որի Հոլոքոսթի, Աֆրիկայում եւ Բալկաններում վերջին երկու տասնամյակների հակամարտությունների ընթացքում կատարված ցեղասպանությունների եւ ռազմական հանցագործությունների ժխտման համար բանտ նստեցնեն երեք տարով, եւ որն արդեն տարածվում է ամբողջ Եվրամիության տարածքով, Անկարան ստիպված կլինի փոխել իր տեսակետները իր ոչ վաղ անցյալի վերաբերյալ»,-գրում է Լենտա.ռու-ն: