5 փետրվարի 2007 - 20:08 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ներառնի Ղարաբաղի կարգավիճակի մասին համաձայնագիրը
«Եվրոպական կառույցները պետք է աջակցեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային չափանիշներին համապատասխան, որոնց թվում է նաեւ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-նշվում է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայտարարության մեջ: Ինչպես փետրվարի 5-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ-ից խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արմեն Ռուստամյանը, հայտարարության մեջ նշվում է նաեւ հայ եւ ադրբեջանցի ժողովրդների հաշտեցման անհրաժեշտությունը: Այդ նպատակով, նշվում է կառուցողական երկխոսություն հաստատելու, որը հիմնված պետք է լինի բարի կամքի եւ առաջադեմ հայացքների վրա, եւ առեւտրային հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտությունը: Փաստաթղթում հստակ նշվում են համագործակցության հնարավոր ուղղությունները` բնապահպանություն, ջրային ռեսուրսներ, էներգետիկա, կրթություն, սահմանների կառավարում, տրասնպորտային ոլորտ: Վերոնշյալ նպատակների իրականացման համար ընդգծվում է խորհրդարանական համագործակցության ներուժի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը, տեղեկացրել է Ռուստամյանը: Ավելին, փաստաթղթում ընդգծվում է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ներառնի նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին համաձայնագիրը, իսկ բանակցություններում պետք է ներգրավվի նաեւ ԼՂՀ-ն, ընդգծել է պատգամավորը: Ռուստամյանը տեղեկացրել է նաեւ, որ հայտարարության մեջ նշվում է Լեռնային Ղարաբաղի հետագա ժողովրդավարացման եւ կառավարման կատարելագործման անհրաժեշտությունը:

Մեկնաբանելով լրագրողների այն հարցը, թե ինչ իրավաբանական հետեւանքներ կարող է ունենալ այս փաստաթուղթը, թե դրանք կմնան լոկ որպես «կոչ», Ռուստամյանը նշել է, որ բոլոր նման հայտարարությունները հետագայում փոխանցվում են ԵՄ համապատասխան կառույցներին, որոնք հարցերի քննարկման ժամանակ պետք է հաշվի առնեն վերը նշված մոտեցումները: «Կան բազմաթիվ օրինակներ, երբ մեր հանձնաժողովում արծարծված հարցը հետագայում կյանքի էր կոչվում»,-նշել է Ռուստամյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: