30 մարտի 2016 - 18:07 AMT
Մարդահամար 2015. ԼՂՀ-ում մոտ 151.000 մարդ է ապրում

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ամփոփել է ԼՂՀ 2015-ի մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները՝ ըստ ամփոփաթերթերի հանրագումարների:

ԼՂՀ 2015-ի մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա են եղել մարդահամարի հաշվառման պահին` Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող (մշտապես և ժամանակավորապես) բոլոր անձինք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), ինչպես նաև ԼՂՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող, բայց մարդահամարի հաշվառման պահին (դեկտեմբերի 1-ի 00:00 ժամի դրությամբ) հանրապետությունից բացակայողները (անկախ բացակայության ժամկետից):

ԼՂՀ ԱՎԾ Ստեփանակերտի քաղաքային և 7 շրջանային բաժնի ամփոփ տեղեկագրերում արտացոլված ցուցանիշները ենթարկվել են ընտրանքային ստուգման` ընդհուպ մինչև հաշվային տեղամասերի ամփոփագրերը: Ընտրանքի չափը կազմել էր հաշվային տեղամասերի մոտ 10%-ը:

ԼՂՀ ԱՎԾ մարդահամարի վարչության կողմից իրականացված ստուգման արդյունքում բացահայտվել են պարզ թվաբանական անճշտություններ և բացթողումներ (թվաբանական գործողության սխալ, հաջորդող ամփոփագրերի ընդհանուր թվաքանակի հանրագումարում` հաշվային տեղամասի ամփոփագրերից երբեմն միայն տղամարդկանց թվաքանակի ցուցանիշի սյունակի հանրագումարի օգտագործում, կամ հաշվարարի կողմից 1 կամ 2 հարցաթերթերի տվյալների բացթողում` դրանց չարտացոլում ամփոփաթերթերում և այլն): Բացահայտված սխալների տեսակարար կշիռը հանրագումարի նկատմամբ կազմել է 0.14%: Ամփոփագրերում արտացոլված տվյալների և հատուկ կարգով հաշվառված անձանց վերաբերյալ ամփոփ տվյալների հանրագումարի արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը.

ԼՂՀ 2015-ի մարդահամարի ժամանակ (դեկտեմբերի 1-ի 00:00 ժամի դրությամբ) հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 150.932 մարդ:

Ամփոփման արդյունքում հնարավոր է եղել ստանալ նաև առկա բնակչության թվաքանակի վերաբերյալ նախնական տվյալներ:

Առկա բնակչության թվաքանակը ստացվել է մարդահամարի ժամանակ` 2015-ի դեկտեմբերի 1-ի 00:00 ժամի դրությամբ հաշվեգրված անձանց ընդհանուր թվաքանակից հանելով բացակայող անձանց թվաքանակը:

Առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 146.260 մարդ:

Մշտական բնակչության թվաքանակը կստացվի բոլոր հարցաթերթերի կոդավորման, մուտքագրման և ծրագրային մշակման արդյունքում, ինչը նախատեսվում է ավարտել 2016-ի նոյեմբերին: