6 փետրվարի 2007 - 14:00 AMT
Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ. Թուրքիան հույսը դրել է ԱՄՆ հրեաների լոբբիի վրա
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլի ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ փոխնախագահ Դիկ Չեյնիի, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի, ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդական Սթիվեն Հեդլիի եւ որոշ առաջատար կոնգրեսականների հետ: Գյուլը մտադիր է «բացատրել ԱՄՆ-ին այն վնասը, որ կարող է հասցվել թուրք-ամերիկյան հարաբերություններին» Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման դեպքում: Ինչպես հաղորդվում է, հրեական լոբբին, որի վրա է առավելապես հույսը դրել Անկարան, պատրաստավում է սկսել այդ փաստաթղթի ընդունման դեմ ուղղված գործողությունները: Հրեական կազմակերպությունները մտավախություն ունեն, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման դեպքում, հարվածի տակ կդրվեն երկու երկրների դաշնակցային հարաբերությունները եւ ԱՄՆ-ն կարող է զրկվել «Ինջիրլիկ» ռազմակայանից, որը գտնվում է Իրանի սահմանի մոտ եւ օգտագործվել է ԱՄՆ-ի կողմից Իրաքի դեմ գործողություններում: Այն, որ այժմ Ներկայացուցիչների պալատը գլխավորում է հայկական լոբբիին մոտ կանգնած Նենսի Փելոսին, ավելացնում է օրինագծի ընդունման շանսերը: Այդ կապակցությամբ Վաշինգտոնի երեք հրեական կազմակերպություններ փորձում են կանխել այդ հարցի ներառումը Ներկայացուցիչների պալատի օրակարգում:

Փետրվարի 7-ին ԱՄՆ են մեկնել Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության, ինչպես նաեւ հիմնական ընդդիմադիր Ժողովրդական դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Նրանք կհանդիպեն ինչպես կոնգրեսականների, այնպես էլ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Իսկ Թուրքիայի Զինված ուժերի Կենտրոնակայանի պետ Յաշար Բեյուքանաթի այցը Վաշինգտոն կսկսվի փետրվարի 11-ին, հաղորդում է ԱՊԱ-ն: