Սերժ Սարգսյան. Ղարաբաղը 70 տարի օկուպացիայի զոհ է եղել

Սերժ Սարգսյան. Ղարաբաղը 70 տարի օկուպացիայի զոհ է եղել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում մարտի 30-ին այցելել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել կրթական այդ հաստատությունում սովորող հայ ուսանողների հետ, ինչպես նաև կարդացել դասախոսություն և պատասխանել ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ համատեքստում շատ է շահարկվում «օկուպացիա» բառը: «Մի փոքր դիտարկում անեմ: «Օկուպացիա» բառն օգտագործողները շատ հաճախ մոռանում են, որ Ղարաբաղն ինքը 70 տարի շարունակ օկուպացիայի զոհ է եղել: Բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար կամ չգիտակցելով օգտագործում են «օկուպացիա» բառը, ուզում եմ հարցնել. իսկ ի՞նչ էր 1921թ.-ին Ստալինի թեթև ձեռքով Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին, եթե ոչ` օկուպացիա», - նշել է նա:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ «շռայլ նվերը» ստանալուց հետո Ադրբեջանը, փոխանակ բնականոն պայմաններ ստեղծեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, այնպիսի անտանելի պայմաններ ստեղծեց, որ խորհրդային կենտրոնաձիգ իշխանության թուլացման առաջին իսկ նշաններն ի հայտ գալուն պես առաջինն ընդվզեց հենց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: «Արդյո՞ք լավ կյանքից էր: Ի դեպ, պատահական չէ, որ 1988 թվականի ընդվզումն այնքան ուժգին էր, որ ԽՍՀՄ փլուզման սկիզբը ընդունված է ասոցացնել հենց Ղարաբաղյան շարժման հետ: Հակամարտության բուն պատճառը հենց այդ նախասկզբնական օկուպացիան է, հետևաբար Լեռնային Ղարաբաղը այսօրվա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հասկացության հետ որևէ կապ չունի», - ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը հիշեցրել է, նաև Նախիջևանի շրջանի հայաթափման փորձն ու 2005 թվականին Ջուղաքի խաչքարների ոչնչացումը: «Այսօր միջնադարյան այդ հոյակերտ հարստությունից ոչ մի հատիկ, ոչ մի փշուր չի մնացել: Մաքրվել է շրջանը հայերից և հայկական մշակութային հետքից», - ասել է նա:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ նրանք, ովքեր Լեռնային Ղարաբաղը դիտարկում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, անուղղակիորեն հավանություն են տալիս «բաժանելու և տիրելու» ստալինյան դաժան, միլիոնավոր ընտանիքների զրկանքներ ու դժբախտություն պատճառած քաղաքականությանը:

«Այնպիսի զավեշտի է ամեն ինչ հասել, որ թույլ չեն տալիս Ադրբեջան մտնել հայկական ծագումով օտարերկրյա քաղաքացիների: Անկախ նրանից, թե հայերը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, թե այլ երկրների քաղաքացիներ են, նրանց մուտքը Ադրբեջան արգելվում է: Սրանով հանդերձ՝ խոստանում են ապահովել հայերի անվտանգությունը, եթե Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմ: Ի՞նչի հիման վրա Ղարաբաղի ժողովուրդը պետք է հավատա այս դրույթին», - նշել է Սերժ Սարգսյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---