6 փետրվարի 2007 - 15:57 AMT
Գերմանիան կոչ է անում Թուրքիային անհապաղ չեղյալ հայտարարել 301-րդ հոդվածը
«Մենք քննարկումներ ենք անցկացնում Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի վերաբերյալ: Նույնիսկ թուրքական կառավարությունը գտնում է, որ մեծ կարիք կա այն փոխելու»,- հայտարարել է Թուրքիայում Գերմանիայի դեսպան Էկկարտ Կունտսը: Կունտսը հայտնել է, թե անձամբ դեմ է այդ հոդվածի առկայությանը եւ հորդորել է Թուրքիայի կառավարությանը` անհապաղ վերացնել խոսքի ազատությունը սահմանափակող այդ հոդվածը: «Լրագրող Հրանտ Դինքի հուղարկավորությանը մասնակցած հազարավոր մարդիկ ցույց տվեցին, որ դեմ են ազգայնամոլության ցանկացած դրսեւորման, աջակցում են խոսքի ազատությանն ու հասարակության մեջ փոխըմբռնման հաստատմանը»,- նշել է նա: Գերմանիայի դեսպանը համոզմունք է հայտնել, որ Դինքի սպանությունը հարաբերությունների բարելավման նոր հնարավորություն է ստեղծում Թուրքիայի եւ Հայաստանի համար, ինչը, նրա կարծիքով, չպետք է բաց թողնել, հաղորդում է «Երկիր» թերթը: