6 փետրվարի 2007 - 16:19 AMT
Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը եվրաինտեգրման իրական ուղու քաղաքականությունն է
Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագիրը ավելի շուտ քաղաքական համագործակացություն է, եւ միայն հետո` տնտեսական: Գործողությունների ծրագիրը եվրաինտեգրման ճանապարհին իրական ուղու քաղաքականությունն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմկերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքերով, այս ծրագրով ԵՄ-ն անհատական ձեւաչափով աշխատում է 17 երկրների հետ, այդ թվում եւ Հարավային Կովկասի երկրների հետ: «Սկզբնապես, Հարավային Կովկասի երկրները դիտարկում էին որպես մի ընդհանրություն, այդպիսի մոտեցումը նկատվում էր անկախության առաջին տարիներին: Սակայն հետագայում ընդունվեց, որ դա շատ սխալ մոտեցում է. այն շատ սուբյեկտիվ է, նման մոտեցման դեպքում բացակայում է առողջ մրցակցությունը: Այսինքն ստացվում էր, որ ուժեղ երկիրը իր ետեւից կտանի թույլին: Ներկայումս ԵՄ-ն ճշգրիտ ծրագրով է աշխատում` նախատեսված առանձին երկրի համար: Այո, նրանք իրենց շահերն ունեն, սակայն մենք եւս կարող ենք սեփական շահերն առաջ տանել: Դա քաղաքական տեսանկյունից»,- ասել է Բեքարյանը:

Ինչ վերաբերում է համագործակցության տնտեսական տեսանկյանը, ապա, հայ քաղաքագետի բառերով, Եվրոպայի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կանգնած է առաջին տեղում, ապա ԱՊՀ երկրները, եւ միայն հետո Ռուսաստանը: «Մեր գլխավոր առեւտրային գործընկերը Եվրոպան է: Սակայն իրավական դաշտ չկա, օրենսդրությունը կարգավորված չէ: Եւ հնարավոր է` ծրագրի հաջորդ քայլը կլինի հենց օրենսդրության եւ իրավական նորմերի համախմբումը: Կա եւս մեկ, կարեւոր հանգամանք: Մենք, ցավոք, ընդհանուր սահման չունենք, ու դա ինչ-որ չափով արգելակում է ինտեգրման գործընթացը: Սակայն ես կարծում եմ, որ Հայաստանը կանցնի իր ուղին դեպի Եվրոպա: Պետք է մի շատ կարեւոր հանգամանք ընդգծել. ԵՄ ծրագրի Գործողությունների ծրագիրը ոչ մի դեպքում չի նախատեսում վերջում անդամակցություն Եվրամիությանը: Դրանք բացարձակ տարբեր բաներ են եւ նրանք, ովքեր դրանք կապում է, սխալ ուղու վրա են եւ ապակողմնորոշում են հասարակությանը»,- ընդգծել է հայ քաղաքագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ