12 նոյեմբերի 2002 - 18:05 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ
Ադրբեջանը դեմ է հանդես գալիս Հարավային Կովկասում միացյալ էներգահամակարգի ստեղծմանը: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի վառելիքի եւ էներգետիկայի նախարար Նազիմ Բայրամովը` ելույթ ունենալով Թբիլիսիում էներգետիկ համագործակցության հարցերով տարածաշրջանային կոնֆերանսում, Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանի միացյալ էներգահամակարգի ստեղծումն անընդունելի է Բաքվի համար: «Ոչ մի շահույթ չի ստիպի մեզ նստել հայերի հետ մի սեղանի շուրջ», - ասել է նա: Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի նախարար Դավիթ Միրցխուլավան գտնում է, որ Հարավային Կովկասի միացյալ էներգահամակարգի ստեղծումը շահութաբեր է ոչ միայն տնտեսական առումով, այլեւ քաղաքական հակամարտությունների կարգավորման տեսակետից: «Տվյալ փուլում կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգում են, որ այդ խնդիրը հասունացել է եւ լուծում է պահանջում», -ընդգծել է վրաց նախարարը: