7 փետրվարի 2007 - 13:37 AMT
Անկարան խելամիտ չի վարվում` պարտակելով արդեն գոյություն չունեցող Օսմանյան կայսրության մեղքը Հայոց ցեղասպանության համար
«1975 եւ 1984 թվականներին, երբ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին, եւ երբ նախագահ Ռեյգանը 1981 թվականին իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, Թուրքիան ճիշտ ճանապարհ ընտրեց եւ հանդես չեկավ հակաամերիկյան սպառնալիքներով»,-«Լոս Անջելես թայմսի» խմբագրին ուղղված նամակում գրում է «The California Courier»-ի խմբագիր Հարութ Սասունյանը: Ինչպես կարծում է Սասունյանը, այն ժամանակ Անկարան գիտակցում էր, որ նա ավելի է զգում ԱՄՆ կարիքը, քան Վաշինգտոնը Թուրքիայինը: «Եթե թուրքական կառավարությունը չշարունակեր Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը, ապա անհրաժեշտ չէր լինի տարեցտարի նման բանաձեւեր ընդունել: Թուրքիայի ղեկավարները խելամիտ չեն վարվում, փորձելով պարտակել զանգվածային հանցագործության համար արդեն գոյություն չունեցող Օսմանայան կայսրությանը: Նրանք պետք է դատապարտեն նրանց, ով կատարեց Հայոց ցեղասպանությունը այնպես, ինչպես Գերմանիան դատապարտեց նացիստների գործած Հոլոքոսթը»,-ասվում է նամակում:

Իր հերթին «Լոս Անջելես Թայմսի» խմբագիր Քրիս Քրիսմանը գրում է, որ մեկ դարից ավելի է անցել Հայոց ցեղասպանությունից, «որի վկաները եղան ամերիկացի դիվանագետները եւ նավաստիները, իսկ մեր կառավարությունը չի կարողանում հասնել «ցեղասպանություն» բառի կիրառմանը: Մենք երդվում ենք «այլեւս երբեք», որոնք դատարկ բառեր են Դարֆուրի, Սուդանի, եւ համարձակվում եմ ասել, Իրաքի ցեղասպանությունների զոհերի համար»,-ընդգծում է Քրիսմանը: