«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արգելել է ասորի քրիստոնյաներին և հայերին լքել սիրիական Ռաքքա քաղաքը, հայտնում է Tert.am-ը Fox News հեռուստաալիքի վրա հղումով:
«Քրիստոնյաների տառապանքները սկսվեցին, երբ ԻՊ-ն վերահսկողություն հաստատեց Ռաքքա քաղաքում։ ԻՊ-ն քրիստոնյաներին անհավատ է համարում»,- հայտարարել են ակտիվիստները:
Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Ազատագրելով քաղաքը` սիրիական բանակը կարող է գրոհել Ռաքքան:
Քաղաքում ներկայում մնացել է ոչ ավելի քան 40 ընտանիք, որոնց պարտավորեցրել են գրանցվել և հարկ վճարել, որպեսզի իրենց չվնասեն։ Նրանք զրկված են Ռաքքան լքելու իրավունքից:
«Բոլոր քրիստոնյաները, որոնք ապրում են Սիրիայում և Իրաքում, գտնվում են վտանգի և անորոշության մեջ։ Մենք ցանկանում ենք, որ քրիստոնեությունը գոյատևի Մերձավոր Արևելքում, հատկապես՝ ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում»,- հայտարարել է ամերիկյան Open Doors կազմակերպության նախագահ Դևիդ Քարին:
Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության եկան Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Այն չի տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:
Հաշտեցման գործընթացն առավել հաջող է ընթանում այն շրջաններում, որտեղ ուժեղ են կառավարական զորքերի դիրքերը` Լաթակիա, Հոմս, Դերաա, Դամասկոս: Միևնույն ժամանակ, Ռաքքա և Իդլիբ գավառներում, որտեղ ուժեղ են իսլամիստական խմբավորումների դիրքերը, այդ ջանքերը զգալի արդյունք չեն տվել: