Նալբանդյանը՝ Ուորլիքին. Ադրբեջանի սադրանքներն օրինաչափություն են դարձել

Նալբանդյանը՝ Ուորլիքին. Ադրբեջանի  սադրանքներն օրինաչափություն են դարձել

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ-ում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ամերիկացի համանախագահի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումների վրա։

«Բաքուն, անտեսելով համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահության հատուկ ներկայացուցչի համատեղ կոչը՝ հանդարտություն պահպանել կրոնական տոների օրերին, ակտիվացրել է հրադադարի կոպտագույն խախտումները Սբ Զատիկի նախաշեմին և օրերին», - նշել է ԱԳՆ ղեկավարը։

Նալբանդյանը նաև շեշտել է. «Ադրբեջանի նման սադրանքներն օրինաչափություն են դարձել։ Նույնը կատարվում է նաև բանակցային գործընթացում։ Եթե նախկինում Բաքուն զանազան միջոցներով խոչընդոտում էր բանակցությունները, փորձում էր հարցը տեղափոխել այլ հարթակներ, ապա այժմ, հավանաբար, տեսնելով իր քայլերի անարդյունավետությունը, ոչինչ չի կարողացել հորինել, քան Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարվելը»։

Արտգործնախարարի խոսքով, անշուշտ, սա բանակցային գործընթացի և համանախագահների վրա ճնշում գործադրելու հերթական ապարդյուն փորձ է։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հնարավորությունների շուրջ։

Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել լարվածությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2700 կրակոց:

Շփման գծի գրեթե բոլոր հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր: Հատկապես ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել առաջնային գծի հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արձակվել է 52 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և վերջիններիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից:

Կարդացեք նաև՝ Զաքարյան. Հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ներդրման հարցը պետք է օրակարգային լինի

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---