7 փետրվարի 2007 - 15:17 AMT
Այսօր համաձայնագիր կստորագրվի Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցման մասին
Վրաստանի, Ադրբեջանի եր Թուրքիայի ղեկավարներն այսօր համաձայնագիր կստորագրեն Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցման մասին: Փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաք է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 600 մլն դոլար: Ադրբեջանը 300 մլն դոլարի վարկ կտրամադրի Վրաստանին երկաթուղու վրացական հատվածի կառուցման եւ վերականգնման համար: Նրա մարման ժամկետը 25 տարի է երկարացման հնարավորությամբ, վարկային դրույքը` տարեկան 1 տոկոս: Ըստ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գիորգի Արվելաձեի տեղեկատվության, պարտքը վերադարձնելը ծանր բեռ չի դառնա երկրի համար, քանի որ դա կարվի այն միջոցներից, որոնք կստացվեն երկաթուղու վրացական հատվածի շահագործումից ստացված շահույթի հաշվին:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի խոսքերով, վերականգնողական եւ շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն ընթացիկ տարում: «Սա շատ կարեւոր ենթակառուցվածքային նախագիծ է, որի շնորհիվ Վրաստանը կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը: Նշենք, որ ճանապարհի ապրանքաշրջանառությունը կկազմի տարեկան 15 մլն տոննա: Ըստ նախնական տեղեկությունների, Ղազախստանը մտադիր է նոր ճանապարհով, որն ամենակրճ ուղին է համարվում Ասիայից դեպի Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ բեռներ փոխադրելու համար, տարեկան մինչեւ 10 մլն տոննա բեռներ տեղափոխել:

Հիշեցնենք նաեւ, որ ԱՄՆ կոնգրեսը արգելել է ամերիկյան բանկերին ֆինանսավորել Հայաստանը շրջանցող այս ճանապարհի կառուցումը: Վաշինգտոնի դիրքորոշման անդրդվելիությունը վերջերս հաստատել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան, որը համարվում է Վրաստանի «բարեկամն ու լոբբիստը»: Մասնավորապես, նա հայտարարել է, որ եթե Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են Հայաստանը շրջանցող ճանապարհ կառուցել, ապա ԱՄՆ-ն չի կարող խանգարել նրանց, սակայն չի էլ աջակցի այդ նախագծին, հաղորդում է «Ռոսբալտը»: