Ստի դետեկտորի տվյալներ. Պերմյակովն Ավետիսյաններին միայնակ է սպանել

Ստի դետեկտորի  տվյալներ. Պերմյակովն   Ավետիսյաններին միայնակ է սպանել

PanARMENIAN.Net - Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարունակվել է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Դատարանը հրապարակել է ռուսական կողմի իրականացրած հոգեֆիզիոլոգիական (ՀՖՓ) փորձաքննության արդյունքները, այսպես կոչված ստի դետեկտորով բացահայտված տեղեկատվությունը, համաձայն որի՝ փորձել են պարզել, թե որքանո՞վ են իրական Պերմյակովի ցուցմունքները, Ավետիսյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամի վրա քանի՞ կրակոց է արձակել, ի՞նչ դիրքերից, մարմնի ո՞ր մասերում:

Պերմյակովի ցուցմունքների ու ստի դետեկտորով ստացված տեղեկությունների միջև հակասություններ կային, օրինակ՝ ընտանիքի հոր՝ Սերյոժայի, որդու՝ Արմենի ու հարսի՝ Արաքսյայի դեպքում Պերմյակովը թաքցրել էր՝ թե ո՞ր դիրքերում ու քանի՞ կրակոց է արձակել: Ստի դետեկտորով հաստատվել է, որ բոլորին սպանել է Պերմյակովը ու միայնակ: Պերմյակովն իր ցուցմունքներում ասել էր, որ Արաքսյան, տեսնելով իրեն, վերցրել է հեռախոսը, սկսել է զանգել, սակայն սա չէր հաստատվել հոգեֆիզիոլոգիական փորձաքննության արդյունքներով, գրում է Aravot.am-ը:

Նմանապես Պերմյակովը իր ցուցմունքներում թաքցրել էր տեղեկատվությունն այն մասին, որ տան երրորդ սենյակում գտնվող Արմեն Ավետիսյանին սպանել է երկու կրակոցով:

Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին պարզաբանել է, որ ՀՀ Քրեադատավարական օրենսգրքով ստի դետեկտոր կոչված փորձաքննություն նախատեսված չէ, մենք չունենք, մինչդեռ Ռուսաստանում իրականացվում ու համարվում է որպես ապացույց:

«Այստեղ առանձնացնեմ հենց Արմեն Ավետիսյանի հետ կապված դրվագը, որ ինքը նախկինում իր ցուցմունքներում երբեք չի ասել, որ Արմեն Ավետիսյանին գետնին ընկած վիճակում վերևից ևս մեկ անգամ կրակել է, բայց ստի դետեկտորի ժամանակ այս տվյալն ինքն արդեն հայտնել է, հետագայում գործի նյութերով, մյուս փորձաքննություններով պարզվել է, որ իրականում Արմեն Ավետիսյանն առաջին կրակոցից հետո ընկել է գետնին, հետագայում մեջքի կողմից

Պերմյակովը նրա վրա ընկած վիճակում կրակոց է արձակել: Այստեղ հակասություններ կան, փորձագետները նշում են, որ Պերմյակովն ասում է, որ աղջկան նույնպես սվին-դանակով է վնասել, այստեղ է, որ մենք պետք է տարբերակենք օբյեկտիվ իրականությունն ու իր ընկալումները: Այս պահին իր մոտ համոզմունք կա, որ ինքը սվին-դանակով է հարվածել, բայց գործի մյուս տվյալներով այդ փաստերը հերքվում են: Միակ տվյալն այստեղ այն է, որ նա հարվածել է Սերյոժա Ավետիսյանին, որի ընթացքում նաև վնասվածք է ստացել մայրը՝ Արաքսյա Պողոսյանը: Հնարավոր է, որ այդ իրավիճակում իր մոտ այլ տպավորություններ են եղել այս պահի դրությամբ, բայց պետք է մյուս հանգամանքների հետ համադրենք, որպեսզի պարզենք»:

Փաստաբանը նշել է, որ ստի դետեկտորով բոլորին հուզող, ամենակարևոր հարցերի պատասխանները տրվել են՝ Պերմյակովն է մտել է այդ տուն, միայնակ է կատարել հանցագործությունը, բոլորին սպանել է ինքը: Իսկ թե նպատակային է մտել Ավետիսյանների տուն, թե՞ ոչ, փորձագետների մոտ տեղեկություններ կան, որ մինչ այդ տունը մտնելը ինքը փորձել է այլ տներ մտնել: Այսինքն` նպատակային հենց այդ տուն չի եկել:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։ Վալերի Պերմյակովը արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---