8 փետրվարի 2007 - 13:30 AMT
Թբիլիսիում ստորագրվել է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման մասին համաձայնագիրը
Փետրվարի 7-ին Թբիլիսիում Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխաիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը համաձայնագիր են ստորագրել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության մասին: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 600 մլն դոլար: Ադրբեջանը երկաթուղու վրացական հատվածի կառուցման եւ վերականգնման համար Վրաստանին կհատկացնի 300 մլն դոլարի վարկ: Նրա մարման ժամկետը 25 տարի է երկարացման հնարավորությամբ, իսկ տարեկան տոկոսադրույքը` 1 տոկոս:

Վրացական կառավարությունը համարում է, որ նման կարեւորագրույն ենթակառուցվածքային նախագիծը, ինչպիսին ԲԹԿ-ն է, երկիրը կվերածի «կամրջի Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»: Շինարարությունը կսկսվի արդեն այս տարի: Այդ համաձայնագիրը լրջորեն մտահոգում է Երեւանին, քանի որ երկաթուղային միջանցքը շրջանցում է Հայաստանը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսն արգելել է ամերիկյան բանկերին ֆինանսավորել ճանապարհի շինարարությունը, եթե այն շրջանցի Հայաստանը: Վաշինգտոնի դիրքորոշման անդրդվելիությունը վերջերս հաստատեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան, որը համարվում է «Վրաստանի բարեկամն ու լոբբիստը»: Նա, մասնավորապես, հայտարարել է, թե եթե Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են Հայաստանը շրջանցող ճանապարհ կառուցել, ԱՄՆ-ն չի կարող խանգարել նրանց, սակայն չի էլ աջակցի այդ նախագծին: