8 փետրվարի 2007 - 14:13 AMT
Մ.Բրայզա. Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներին հարկավոր չէ այդքան հաճախ հանդիպել
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչեւ փետրվարի վերջը կամ մարտի սկզբին: Դա կախված է նրանց ժամանակացույցից, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Եվ ընդհանրապես, պետք չէ այդքան հաճախ հանդիպել: Կարեւորը, որ բանակցություններում բարի կամքի ոգի լինի: Ես կարծում եմ, այն կա: Ամեն անգամ, երբ նրանք հանդիպում են, առաջընթաց է նկատվում: Երբ նրանք հանդիպեցին Մոսկվայում եւ կարծիքներ փոխանակեցին, ապա մի փոքր մերձեցան ընդհանուր սկզբունքների վերաբերյալ իրենց դիրքորոշումներում: Այսինքն առաջընթաց կա եւ անհնար է առավել մեծ առաջընթացի հասնել առանց նման հանդիպումների»,-նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե հասարակությունը չի կարող բավարար տեղեկատվություն ստանալ բանակցությունների մասին, ամերիկացի դիվանագետը հայտարարել է. «Կոնկրետ բանակցություններ են գնում, սակայն չի կարելի հրապարակայնորեն խոսել այդ մասին, քանի որ դա կհանգեցնի բանակցող կողմերի դիրքորոշումների քաղաքականացմանը: Ես կարծում եմ, որ պետք է վստահել սեփական նախարարներին»:
Միեւնույն ժամանակ Մեթյու Բրայզան նշել է, որ համաձայն չէ այն պնդման հետ, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում եւ 2008 թվականի նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում կխոչընդոտեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ես համաձայն չեմ: Ես կարծում եմ, որ ընտրություններն այդ արարողության մի բարդ մասն են: Սակայն, մյուս կողմից, բանակցությունները նույնիսկ այժմ շարունակվում են: Գուցե նախագահները չհանդիպեն մինչ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, սակայն նախարարները կշարունակեն բանակցությունները»,-ընդգծել է նա, հաղորդում է «Թրենդը»: