8 փետրվարի 2007 - 14:45 AMT
Երեւանն ու Բաքուն արդեն մոտ են ղարաբաղյան խնդրի վերաբերյալ համաձայնությանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հուսով է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո նոր խթան կհայտնվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որը տեսանելի կլինի: «Սակայն այժմ այդ խթանը բոլորովին տեսանելի չէ, քանի որ մինչեւ ընտրությունները բանակցությունները շատ հանգիստ են ընթանում»,-նշել է նա: Նա նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո կոնկրետ լուծում կլինի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Ես համեստ համանախագահ եմ, միջնորդ: Ես պատասխանատու չեմ լուծման համար: Միայն նախագահները կարող են իրենց վրա նման պատասխանատվություն վերցնել»,-հայտարարել է Մեթյու Բրայզան: Մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարության կետը, որտեղ ասվում է, որ պետությունների ղեկավարները պետք է նախապատրաստեն հանրությանը փոխզիջման, ամերիկացի համանախագահը նշել է. «Ինչպես գիտեք, կան ընդհանուր սկզբունքներ, որ առաջարկել են համանախագահները: Այդ սկզբունքներն էլ հենց փոխզիջումն են: Որպես համանախագահներ մենք կարծում ենք, որ դա լավ հնարավորություն է տալիս լուծելու խնդիրը: Սակայն, քանի որ դա փոխզիջում է, պետք է ընդհանուր լեզու գտնել: Այժմ, կարծում եմ, երկու կողմերն արդեն մոտ են փոխզիջման եւ համաձայնության: Սակայն նրանք դեռ չեն հասել այդ ճանապարհի ավարտին, տեխնիկական հարցեր են մնացել, որոնց վերաբերյալ եւս պետք է ընդհանուր լեզու գտնել»,-հաղորդում է «Թրենդը»: