8 փետրվարի 2007 - 15:27 AMT
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն արդեն արժանացել է 161 կոնգրեսականի հավանությանը
ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի տակ արդեն իրենց ստորագրություններն են դրել 161 կոնգրեսականներ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, այդ հարցում մեծապես աջակցում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: «Փելոսին միշտ հանդես է եկել Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին եւ նրա դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է»,-նշել է Վարդանյանը: Միեւնույն ժամանակ ԱՀՀ տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ վերջերս ԱՄՆ-ում ակտիվորեն քննարկվում է ցեղասպանությունը որպես երեւույթ: «Ամերիկյան հանրությունը ցանկանում է իմանալ, թե ինչ է իրականում կատարվել Դարֆուրում, Կամբոջայում, Ռուանդայում: Եվ հենց այժմ հայկական կազմակերպությունները պետք է որքան հնարավոր է ակտիվորեն պատմեն Հայոց ցեղասպանության, որպես 20 դարի առաջին ցեղասպանության մասին, որն անպատիժ է մնացել եւ ծնել է մարդկության դեմ այլ հանցագործություններ»,-ասել է Արփի Վարդանյանը:
Նա նաեւ նշել է, որ բազմաթիվ առաջատար ամերիկյան թերթեր փոխել են իրենց տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում: «Եթե նախկինում New York Times-ը, Lօs Angeles Times-ը, Boston Globe-ը գրում էին «այսպես կոչված հայոց ցեղասպանություն», «հայոց ցեղասպանություն», ապա այժմ առանց չակերտների են գրում: Եվ այդ փոփոխությունը կատարվել է հայկական լոբբիստական կազմակերպությունների շնորհիվ»,-նկատել է Վարդանյանը: