Ստեփանակերտի ԲԿ-ում 5 վիրավոր է բուժվում. Երեխաների մոտ դրական դինամիկա կա

Ստեփանակերտի ԲԿ-ում 5 վիրավոր է բուժվում. Երեխաների մոտ դրական դինամիկա կա

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր: ԼՂՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վիրավորներից Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը` կայուն ծանր է, դրական դինամիկայով:

Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը` կայուն: Ըստ նախարարության՝ այսօր առավոտյան Հանրապետական բժշկական կենտրոն է ընդունվել 1973-ին ծնված Արթուր Արզանգուլյանը` վերին ձախ վերջույթի բազմաբեկորային կույր վնասվածքով, ձախակողմյան տրավմատիկ հեմոպնևմոթորաքսով, գրում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է հթիռակոծության հետևանքով վիրավորած երեխաներին, ապա նրանց վիճակը կայուն ծանր է, Գևորգի Գրիգորյանն ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է, երկրորդային մշակման է ենթարկվել վերքը, շարունակվում է ինտենսիվ բուժումը, դրական դինամիկա կա: Առողջապահության նախարարության աջակցությամբ Վարդան Անդրեասյանը կվիրահատվի, կտեղադրվի արտաքին ֆիքսացիայի ապարատը: Անդրեասյանի մոտ ևս դրական դինամիկա է արձանագրվել:

ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով, արյան բավարար պաշարով: Արտակարգ ռեժիմով են աշխատում բժշկական հաստատությունները և շտապօգնության ծառայությունը:

Արցախ է բերվել «Էրեբունի» ԲԿ շտապօգնության 2 մեքենա` ռեանիմոբիլ, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով` վիրավորներին տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու, արագ և անվտանգ Երևան տեղափոխելու համար:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուղարկվել են դեղամիջոցներև բժշկական պարագաներ, պոլսօքսիմետրեր, որոնք կտրամադրվեն նաև զիվորական հոսպիտալին:

Արցախում ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներից 12-ը գտնվում են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում:

Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնել է, որ 12 զինծառայողից 11-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն, իսկ մեկ զինծառայողի՝ Հայկ Թորոսյանի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Նրա խոսքերով՝ ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Թորոսյանը ստացել է հրազենային գանգուղեղային վնասվածք, զինվորը միացված է արհեստական շնչառական ապարատին:

«Բոլորը վիրավորներին վիրահատել ենք: Երկու զինվոր գտնվում են վնասվածքաբանության բաժանմունքում, նրանց վիճակը միջին ծանրության է: Նրանք ունեն վերջույթների բեկորային վնասվածք»,- ասել է հոսպիտալի ղեկավարը՝ հավելելով, որ վերակենդանացման բաժանմունքում էլ գտնվում է երեք զինվոր:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 6 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---