8 փետրվարի 2007 - 16:34 AMT
Ռազմական օգնության հավասարության խախտումը Հայաստանի համար իրական սպառնալիք կստեղծի
Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը, որը գերազանցում է Հայաստանի օգնությունը, կփոխի հավասարակշռությունը տարածաշրջանում եւ Հայաստանի համար իրական սպառնալիք կստեղծի: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, AAA-ն մտադիր է ԱՄՆ Սենատից պահանջել հավասարության պահպանում Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հարցում: «Մենք նաեւ մտադիր ենք լոբբինգի ենթարկել Ղարաբաղին ԱՄՆ-ի կողմից ամենամյա ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը, ինչը ընդգրկված չէ 2008 թվականի ԱՄՆ բյուջեում: Ճիշտ է, վերջին 8-10 տարիների ընթացքում այլ պետություններին ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցության ծավալը էապես կրճատվել է, սակայն Հայաստանը շարունակում է ֆինանսական միջոցներ ստանալ: Սպիտակ Տունն ամեն տարի փորձում է կրճատել ֆինանսական հատկացումների ծավալը: Ընդգծեմ, որ Հայաստանի ֆինանսավորման հարցը կապված չէ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ»,- նշել է Վարդանյանը:
Ինչ վերաբերում է Ազատության մասին ակտի 907-րդ ուղղմանը, որն ըդնունվել է 1992 թվականին եւ արգելում է Ադրբեջանին պետական օգնության տրամադրում, ապա AAA-ի տարածաշրջանային տնօրենն ասել է, որ դրա պահպանումն անհրաժեշտ է տարածաշրջանում հավասարակշռության պահպանման համար:
Հիշեցնենք, որ 2008 թվականի բյուջեում ԱՄՆ աշխատակազմն առաջարկել է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել է $4,3 մլն.-ի չափով, իսկ Հայաստանին` $3 մլն: