ԱԳ նախարարը շարունակում է տեղեկացնել մի շարք երկրների իր գործընկերներին Ադրբեջանի ագրեսիայի մասին

ԱԳ նախարարը շարունակում է տեղեկացնել մի շարք երկրների իր գործընկերներին Ադրբեջանի ագրեսիայի մասին

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ շարունակում է տեղեկացնել մի շարք երկրների իր գործընկերներին և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։

Ապրիլի 4-5-ը Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի, Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդրյոյի հետ: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զրույց է տեղի ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։

Հայաստանի արտգործնախարարն իր զրուցակիցներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակողական լայնածավալ գործողությունների մասին, ներկայացրել Արցախում քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության հրթիռակոծման հետևանքները:

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանը զուգորդում է ռազմական գործողությունները քարոզչական ապատեղեկատվությամբ՝ ապարդյուն փորձելով հիմնավորել իր ագրեսիվ քայլերը, քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության թիրախավորումը։

«Հայաստանը բազմիցս բարձրաձայնել է, որ Ադրբեջանը միտումնավոր գնում է իրավիճակի սրմանը և չի թաքցնում ուժի կիրառման մտադրությունը։ Մենք զգուշացնում էինք, որ միջազգային հանրության կողմից գործնական քայլեր են հարկավոր՝ Բաքվին կարգի հրավիրելու համար, այլապես Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը դուրս է գալիս վերահսկողությունից, ինչի ականատեսն ենք այսօր։ Այժմ առավել քան հրամայական են միջազգային հանրութան հրատապ և հստակ քայլերը՝ իրավիճակը կայունացնելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցելուց հրաժարվող, ագրեսիվ գործողություններով իր առավելապաշտական մոտեցումները պարտադրելու փորձեր անող Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ», - ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Էդվարդ Նալբանդյանի զրուցակիցներն իրենց համաձայնությունն են հայտնել առ այն, որ ուժի կիրառումն անընդունելի է, և ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն այլընտրանք գոյություն չունի: Նրանք հրամայական են համարել կրակի անհապաղ դադարեցումը և Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների շարունակումը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---