Ադրբեջանն ապրիլի 6-ին ժամերով գնդակոծել է Վարդենիսի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները

Ադրբեջանն ապրիլի 6-ին ժամերով գնդակոծել է Վարդենիսի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ժամը 10:35-ից մինչև 23:00 սահմանները Ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ:

Մասնավորապես հրաձգային տարբեր զենքերից զատ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից:

ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արել են կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---